Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։

Լևոն Մնացականյանը խոսք է ուղղել բանակի անձնակազմին, որում ասվում է.

«Հարգելի զինակիցներ,

այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:  Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են  մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:

Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել