Քաղաքական ուժերը կանանց հասարակության մեջ ընկալում են միայն որպես մայրեր. նախընտրական ծրագրերի վերլուծություն

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժերից ոչ բոլորի նախընտրական ծրագրերում  անդրադարձներ կան կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ տրամադրելու թեմային: Այս հարցին ինչ-որ կերպ անդրադարձել են միայն 3 քաղաքական ուժեր:

Հակառակ տիրող կարծիքների՝ գենդերային քաղաքական հավասարությունը չի վերաբերում միայն կանանց։ Բացառապես միայն կանանց կամ միայն տղամարդկանց քաղաքական բնույթի հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն, գենդերային քաղաքական հավասարությունն առնչվում է քաղաքական ոլորտներում թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց անհավասարության դրսևորումներին։ Գենդերային քաղաքական հավասարությունը ենթադրում է կանանց և տղամարդկանց հավասար պայմանների ապահովում՝ իրենց քաղաքական իրավունքներից օգտվելու համար։

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին առանձին ենթագլխով խոսվում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակում: Կուսակցության ծրագրում խոսքը հիմնականում  կանանց սոցիալական պաշտպանության մասին է.

«Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է լուծել սեռերի իրա­վահավասարության հարցը՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձ­րաց­նե­լով գործնական ու մշակութային մակարդակ։

Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվար­ձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսու­թյու­նը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես նե­րառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծե­րե­րի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:

Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունք­նե­րի իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գե­րակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում` բարձր կեն­սա­թոշակ ստանալու իրավունքից: Այս խմբի կանանց համար հարկավոր է մշակել հարկ­ման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի՝ օգտվելու վերը նշված սո­ցիալական իրավունքներից:

Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատ­ճա­ռա­բանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։

Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհա­պաղ նախաձեռնել ու իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրա­գիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։

Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով, և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր»,- նշված է ծրագրում:

Իրավապաշտպան, «Քաաքական երկխոսություն» ՀԿ նախագահ Ավնիկ Մելիքյանը «ՔՈ»-ի նախընտրական ծրագրի մասին խոսելիս նշում է, որ ընգրկվածները լավ կետեր են, սակայն կանանց և տղամարդկանց իրավահավասարության բոլոր խնդիրները չէ, որ դրանով լուծվում են:

«Իմ քայլը» դաշինքի ծրագրում ընդամենը հռչակագրային ձևով նշվում է, թե ինչ սկզբունքներ է հիմք ընդունում դաշինքը՝ ծրագրի բոլոր դրույթները իրականացնելու համար և ի թիվս այլ դրույթների նշվում է նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը: Չեն նշվում կոնկրետ մեխանիզմներ, հարցի լուծման համար առաջնահերթ քայլեր:

«Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել` հասնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի անօտարելի լծակներով օժտելու, Հայաստանի՝ հայ ժողովրդի բնակության եւ զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա:

Ավնիկ Մելիքյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ծրագրում ընդգրկված կետի իրագործմանը հասնելու համար կուսակցությունը որևէ մեխանիզմ  չի առաջարկում:

««Մենք» դաշինքը և մի քանի այլ ուժեր անդրադառնում են հարցին, երբ խոսում են ծնելիությունից և սոցիալական պաշտպանությունից, անդրադառնում են մայրերի վճարովի արձակուրդին, ինչպես նաև վճարովի արձակուրդ հայրերի համար նախատեսելուն, բայց որպես այդպիսին կանանց և տղամարդկանց իրավունքների մասին չի խոսվում: Ծրագրերից էլ երևում է, որ կուսակցությունները և դաշինքները, որոնք մասնակցում են ընտրություններին, կանանց հասարակության մեջ ընկալում են միայն որպես մայրեր»,- նշում է Ավնիկ Մելիքյանը:

Նշենք, որ այս 3 քաղաքական ուժերի ծրագրերից բացի այլ նախընտրական ծրագրերում անգամ չի նշում «կին» բառը:

«Կարծում եմ, որ շատ հարցեր ու խնդիրներ կային, որոնք կարող էին նշվել ծրագրային դրույթներում, այդ թվում, կանանց քաղաքական մասնակցության և ներկայացվածության մասին խորհրդարանում: Սպասելի էլ, որ մի քանի դեմոկրատական, պրոգրեսիվ ուժեր կունենան իրենց ծրագրերում այս դրույթները: Ցանկալի էր, որ քաղաքական ուժերը անդրադառնային կնասպանության դեպքերին, ընտանեկան բռնությանը, որը հաճախ հանդիպող երևույթ է: Առնվազ սա կարելի էր ներառել իրավապաշտպանության բաժնի դրույթներում, գոնե: «Իրավահավասարություն» բառը արժե քիչ օգտագործել, քանի որ հռչակագրային մակարդակում այդ իրավահավասարությունը ամրագրված է, սակայն գործնականում կանայք և տղամարդիկ չունեն հավասար հնարավորություններ»,-նշում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ «ՔՈ»-ի ծրագրում նշվում է, որ այդ թղթային, հռչակագրային մակարդակից արդեն պետք է անցնել ավելի կոնկրետ, պրակտիկ քայլերի, որպեսզի այդ իրավունքները հավասարապես իրացվեն՝ հավասար հնարավորություններ ունենալու համար. «Օրինակ՝ աշխատաշուկայում իրավունքների մակարդակում հավասարություն կա, սակայն վիճակագրությունն էլ վկայում է, որ իրականում հնարավորություն չկա հասնելու որոշում կայացնող մարմինների և այլն: Պատճառը այս ամենի այն է, որ մեր հասարակությունում բացակայում է այն ընկալումը, որ կանանց իրավունքների պաշտպանությունը ոչ միայն կանանց խնդիրն է, այլ ընդհանուր հասարակության, քանի որ եթե կանայք իրենց ներուժը օգտագործեն հասարակությունում, կշահեն բոլորը: Սակայն մեզ մոտ կանանց խնդիրները ընկալում են միայն որպես կանանց խնդիր և հենց այդ է պատճառը, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը այս կետը անկարևոր են համարել»,- նշեց Ավնիկ Մելիքյանը:

Իրավապաշտպանի խոսքով, անհրաժեշտություն կա վերանայելու ընտրական օրենսգիրքը և փոփոխություններ կատարելու նաև կանանց թվի հետ կապված: ԸՕ-ի 83-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել