Ինչպե՞ս է փոխվելու դատաիրավական համակարգը ընտրություններից հետո. նախընտրական ծրագրեր

Դատական իշխանության և դատաիրավական ոլորտում բարեփոխումներ կատարելը, պարզվում է, ԱԺ ընտրություններին մասնակցող ոչ բոլոր քաղաքական ուժերն են կարևորել իրենց նախընտրական ծրագրերում:

Այսպիսով, այս ոլորտին նախընտրական ծրագրերում անդրադարձել են 7 քաղաքական ուժերը:

Автоматический альтернативный текст отсутствует.

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը իր ծրագրում բավականին ընդգրկուն տեղ է հատկացնում արդարադատության համակարգին և ներկայացնում կոնկրետ քայլերի իրականացում.

«Արդարադատության համակարգը և յուրաքանչյուր դատավոր պետք է լինի անկախ և զերծ որևէ քա­ղա­քա­կան միջամտությունից։ Արդարադատության համակարգի բնականոն զարգացման համար ան­կյու­նա­քա­րային են հետևյալ հարցերը.

ա) անհրաժեշտ է անհապաղ սկսել իրականացնել արդարադատության համակարգի, այդ թվում իրավապահ և քննչական մարմինների արմատական բարեփոխումներ, ներառյալ` դատական, արդարադատությանը օժանդակող իրավապահ և քննչական մարմիների արդյունավետության բարձրացումը ապահովող կառուցվածքների սահմանումը և կադրային բարեփոխումների իրականացումը: Անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի վերացման նպատակահարմարությունը, առկա բոլոր քննչական մարմինների կարողությունները և լիազորություները ՀՀ քննչական կոմիտեի ներքո միավորելու հնարավորությունը` բացառությամբ` կոռուպցիոն հանցագործությունների նախաքննության լիազորությունների, որոնք պետք է փոխանցվեն նոր ստեղծվելիք Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնին,

բ) 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում համակարգված ապօրինությունների մեջ դեր կատարած դա­տավորները, դատախազները, այլ իրավապահ և քննչական մարմինների ծառայողները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից` անցումային արդարադատության շրջանակներում կիրառվելիք վեթթինգի մեխանիզմի իրականացման միջոցով,

գ) անհրաժեշտ է ապահովել դատավորների իրական անկախությունը` ավելացնելով դատավորի անկախության ինչպես սոցիալական, այնպես էլ իրա­վա­կան երաշխիքները,

դ) պետք է բարձրացնել դատավորների, դատախազների, այլ իրավապահ և քննչական մարմինների ուսուցման արդյունավետությունը, ներառյալ` հակակոռուպցիոն և բարեխղճության արդյունավետ մեխանիզմների ներդնումը,

ե) նոր դատավորների նշանակման հարցում պետք է ազդեցիկ դառնա մասնագիտական կա­ռույց­ների կարծիքը։ Նման կառույցներն են փաստաբանական պալատը, համալսարանները, իրա­վա­բանների մասնագիտական և իրավապաշտպան կազմակերպությունները։ Բարձրագույն դա­տա­կան ատյանի դատավորների նշանակման հարցում պետք է դիտարկել նրանց անմիջականորեն ՀՀ քա­ղաքացիների կողմից ընտրելու հնարավորությունը: Պետք է բացառվի անփորձ անձանց նշա­նա­կու­մը դատավորի պաշտոնում»:

Image result for իմ քայլը

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը նույնպես ծավալուն անդրադարձ է կատարել արդարադատության ոլորտին: (Այս նույն բաժնում անդրադարձ կա նաև անցումային արդարադատություն իրականացնելուն, որին ավելի մանրամասն անդրադաձել էինք առանձին, հետևաբար այս հատվածում անցումային արդարադատությանը վերաբերող հատվածները չեն ներառվի):

Այսպիսով, դաշինքի ծրագրում նշվում է.

«* Իրագործելու ենք դատարանների անկախության ապահովման սահմանադրական հրամայականը: Այս իմաստով դատարանների անկախությունը պետք է ներառի ինչպես դրանց անկախությունը գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններից, այնպես էլ անկախությունը դատական իշխանության մարմինների համակարգում այլ դատական ատյանների և դատական պաշտոնյաների ազդեցությունից: Դատարանների անկախության ապահովման նպատակով կարևորվում է դատավորների համայնքի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում դատարանակազմական և դատավարական օրենսդրական փոփոխությունների մշակված փաթեթի ընդունումը, որն ունենալու է նույն նպատակի՝ դատարանների անկախության ապահովման համար երկու համընթաց գործողությունների արդյունավետ ապահովում` դատարանների անկախությունը դատական իշխանությունից դուրս արտաքին և դատական իշխանության ներսում հնարավոր ազդեցություններից։

* Լուծելու ենք դատարանների աշխատանքի արդյունավետության և դատական համակարգի բեռնաթափման խնդիրները: Արդարադատության մատչելիությունը և այն արդյունավետորեն ապահովելու համար անհրաժեշտ է դատավորների և դատարաններին սպասարկող մասնագիտական անձնակազմի թե՛ քանակական և թե՛ որակական աճ։ Այս խնդիրը Կառավարության և Ազգային ժողովի համատեղ ջանքերի և դատավորների համայնքի հետ համաձայնեցված ծրագրային գործունեություն պետք է դառնա։ Դատարանների աշխատանքի բեռնաթափման մեկ այլ հնարավորություն ենք դիտելու վեճերի լուծման այլընտրանքային հնարավորությունների ներդրումը եւ արդեն ներդրված մեխանիզմների ամբողջ թափով գործարկումը:

* Քայլեր ենք ձեռնարկելու դատարանների և դատական իշխանության հեղինակության վերականգնման ուղղությամբ: Դատարանների հեղինակության վերականգնումն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում դատարաններին վերապահված սահմանադրական գործառույթի իրականացման արդյունավետության եւ հանրության մոտ դատական
իշխանության նկատմամբ բավարար վստահության ամրագրման համար։ Հանցագործություններ և պետական միջամտություն պահանջող այլ իրավախախտումներ, քաղաքացիաիրավական վեճեր և հակադիր օրինական շահերը բնականորեն առաջացող և գոյատեւող խնդիրներ են, որոնց հետ առնչվում է ցանկացած ժողովրդավարական հասարակություն։ Սոցիալական համերաշխության և պետության կողմից արդարադատության ապահովման սահմանադրական գործառույթի արդյունավետությունը պայմանավորված է ոչ այնքան վերը նշված երևույթների քանակից, որքան դրանց նկատմամբ պետության արձագանքից և լուծումից, նախևառաջ` արդարադատության միջոցով։ Այս առումով դատարանների նկատմամբ վստահության վերականգնումն առաջին հերթին իրենց` դատարանների եւ դատավորական համայնքի հոգածության խնդիր պետք է լինի, իսկ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները դրան ամեն գնով օժանադակելու եւ աջակից լինելու դերն ունեն։ Այս առումով հատկապես կարեւորվում է դատավորների էթիկայի կանոնների խստիվ պահպանման նկատմամբ հետևելու դատական համակարգի ջանքերը, որոնց նյութական եւ օրենսդրական ապահովումը համապատասխանաբար իրականացնելու
ենք գործադիր եւ օրենսդիր իշխանությունները։

*Իրականացնելու ենք երթեւեկության անվտանգության համակարգի էական բարեփոխումներ: Մասնավորապես՝ երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքների առավելագույն չափ է սահմանվելու 29 հազար դրամը, փոխարենը ներդրվելու է խախտումների համար վարորդի միավորների նվազեցման, վարորդական իրավունքից
զրկելու համակարգ: Ճանապարհային ոստիկանության հենքի վրա ստեղծելու ենք պարեկային ծառայություն, որը կատարելու է երթեւեկության եւ հանրային անվտանգության ապահովման գործառույթներ»:

Image result for լուսավոր հայաստան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատաիրավական համակարգում քայլերի իրականացումը դիտարկել է միայն իրավունքի գերակայության և հանցավորության դեմ պայքարի համատեքստում: Եվ այս համատեքստում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և հետամուտ է լինելու նաև այս սկզբունքների իրագործմանը՝

*արդարադատության անկախությանը, անկողմնակալությանը և անխուսափելիությանը,

*արդարադատության ժամանակին իրականացմանը՝ բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ, բարոյական, անկախ ու անկողմնակալ անձանց կողմից,

*իրավական կանխատեսելիության սկզբունքը:

Related image

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ծրագրում նույնպես դատաիրավական ոլորտին առանձին անդրադարձ չկա, թերևս կարելի է առանձնացնել մի կետ՝ կապված ոստիկանական համակարգի բարեփոխման հետ՝

*Առաջարկվում է Ոստիկանության համակարգի բարեփոխում Վրաստանի օրինակով` հին անձնակազմի պարտադիր վերաատեստավորմամբ, վերապատրաստմամբ և քանակային կրճատմամբ։

Автоматический альтернативный текст отсутствует.

Դատաիրավական ոլորտում բարեփոխումներին առանձին գլխով և բավականին ընդգրկուն կերպով անդրադարձել է «Մենք դաշինքը»՝ «Անկախ և արդյունավետ դատական իշխանություն: Հասանելի և մատչելի արդարադատություն: Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն» գլխում:

*Ինստիտուտակենտրոն արդարադատությունից անցում դեպի քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելին, ինչը նախ պետք է ապահովի արդարադատության առավել լայն մատչելիություն, բացի այդ՝ անձինք հնարավորություն պետք է ունենան ներկայացնելու իրենց պահանջմունքները, կարիքներն ու ակնկալինքներն արդարադատության ինստիտուտներից, ներդրում ունենալ ոլորտի քաղաքականության ձևավորմանը և գնահատել արդարադատության ծառայությունների որակն ու բովանդակությունը: Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելի ներդրման համար օրենսդրական, կառուցակարգային և ինստիտուցիոնալ համակողմանի հիմքեր ու նախադրյալներ:

*Բոլորի համար հասանելի արդարադատության ապահովում: Ի թիվս այլ քայլերի, ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը և խթանել նման ծառայություններ մատուցողների առավել լայն շրջանակի ներգրավվածությունը: Ներդնել անվճար իրավաբանական օգնության նոր կառուցակարգեր, այդ թվում՝ զարգացնել pro bono՝ անհատույց իրավաբանական ծառայությունների մատուցման կառուցակարգը: Օրինակ, փաստաբանի վարքագծի կանոններում առանձին կանոն ամրագրել, որ փաստաբանը պարտավոր է տարեկան որոշակի ժամքանակի անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, կամ փաստաբանական արտոնագիր ստանալու պարտադիր պահանջներից մեկը համարել պրո-բոնո ծառայությունների որոշակի ժամաքանակ ապահոված լինելը, բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունների ակրեդիտավորման չափանիշներում ավելացնել անվճար հանրային ծառայությունների մատուցման ծրագրերի առկայությունը և դրանց որակը և այլն: Ապահովել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայրը և բոլորի համար հասանելի արդարադատության գիտակցման և ապահովման մշակույթի ձևավորումը Հայաստանում:

*Հանրային պաշտպանների թվի ավելացում և նրանց սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով արդարադատության մատչելիության ամրապնդմանը:

*Սահմանադրական դատարանի որոշումների լիարժեք կատարման կառուցակարգի ներդրում:

*Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների աներկբա և ժամանակին կատարման մեխանիզմների ամրապնդում: Անհրաժեշտ է նաև ՄԻԵԴ վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների շարունակական վերլուծություն և ամփոփում և դրանց հիման վրա՝ քայլեր ձեռնարկել:

*Քրեական արդարադատության համակարգի հիմնովին և շարունակական բարեփոխում, վերականգնողական արդարադատության համակարգի արդյունավետ ներդրում, պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացում:

*Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարին ուղղված հետևողական քաղաքականության իրականացում:

*Դատական իշխանություն-հանրություն համագործակցության նոր մշակույթի ձևավորում՝ նպաստելով հանրային վստահության բարձրացմանը: Ի թիվս այլ միջոցառումների, պետք է բարձրացնել դատական իշխանության դերի, գործառույթների և իրավական համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը և ընդհանուր իրավագիտակցության մակարդակը:

*Դատավորի և նրա աշխատակազմի աշխատավարձի բարձրացում և սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով դատական իշխանության անկախության ամրապնդմանը:

*Դատավորների թվի ավելացում և ենթակառուցվածքների բարելավում՝ նպաստելով դատական իշխանության արդյունավետության բարձրացմանը: Դատարանների գերծանրաբեռնվածության, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի խիստ անհավասարակշռման, գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու խնդիրները դեռևս արդիական են, ինչն ախուսափելիորեն վտանգում է մարդու արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրականացումը, դատական ակտերի պատշաճ որակը: Անհրաժեշտ է ավելացնել դատավորների թվաքանակը, հետևաբար, անհրաժեշտություն կլինի նաև դատարանի նոր շենքի կառուցման, գործող շենքերի վերակառուցման և ենթակառուցվածքների բարելավման համար: Հատկանշական է, որ ենթակառուցվածքների բարելավումը ժամանակակից արդարադատության ոլորտում կարևոր միջոց է համարվում դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ արդարադատության ապահովմանը նպաստելու տեսանկյունից:

*Տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային գործիքների լայնորեն ինտեգրման միջոցով դատական իշխանության թափանցիկության և արդյունավետության բարձրացում: Խոսքը վերաբերում է առաջադեմ լավագույն փորձի ուսումնասիրության և եվրոպական համապատասխան կառույցների սահմանած չափորոշիչների պահպանմամբ՝ դատարանների գործունեության գնահատման գործիքների ներդրմանը, դատավորների ծանրաբեռնվածության չափման գործիքների, դատական վիճակագրության արդիականացված համակարգի, դատական համակարգում առկա խնդիրների ախտորոշման հզոր մեխանիզմի ներդրմանը և այլն:

*Դատարանների կառավարման արդյունավետության բարձրացում և դրա հաշվին՝ ծախսերի կրճատում: Անհրաժեշտ է դատարանների կառավարման համակարգի օպտիմալացում, կառավարման մոդելի կատարելագործում, ինչը կնպաստի ծախսերի նվազեցմանը, կառավարման բարելավմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և ծառայությունների որակի բարելավմանը:

На данном изображении может находиться: текст

 «Օրինաց երկիր» կուսակցությունը նույնպես առանձին անդրադարձ չի արել դատաիրավական ոլորտին, սակայն որոշ դրույթներ ուղղված են այս ոլորտի բարեփոխումներին: Մասնավորապես՝

*…դատական համակարգի արդիականացում…,

*Պրոբացիոն ծառայության ներդնում: Թեթև և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկումը, որպես պատժի միջոց, փոխարինել ազատության մեջ գտնվելու վարչական հսկողության քաղաքակիրթ մեխանիզմներով,

*Ոստիկանական ծառայությունների որակի բարելավում, վարչարարություն իրականացնող մարմինների աշխատավարձերի բարձրացում…:

Автоматический альтернативный текст отсутствует.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաընտրական ծրագրում այս ոլորտին վերաբերող միայն մեկ կետ կա.

«Պետք է ստեղծել անկախ և թափանցիկ դատական համակարգ: Դատական վճիռները պետք է ընդունվեն անաչառ և ժամանակին՝ բացառելով անհարկի ձգձգումները»:

Ամփոփելով, կարող ենք նշել, որ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ կատարելուն ուղղված քայլերը հնարավորինս մատչելի և համակարգային ներկայացրել են «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը: Թեև «Իմ քայլը» դաշինքը բավականին ընդգրկուն և բացատրական կերպով է անդրադարձել ոլորտին, սակայն շեշտադրումն արված է ավելի շատ նպատակների, քան այդ նպատակներին հասնելու քայլերի և մեխանիզմների ներկայացման վրա: Մյուս քաղաքական ուժերը  դատաիրավական ոլորտի բարեփոխումներին անդրադարձել են հիմնականում անուղղակի, այլ ոլորտի համատեքստում և հպանցիկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել