Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժերը ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը:
11 ուժերից 7-ն իրենց ծրագրում ներառել են որոշ դրույթներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
1.Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին անդրադարձ չի արվել:
2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ անդրառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, իր նախընտրական ծրագրում նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգի. կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որը իր գործունեությունը կիրականացնի հակակաոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների հիման վրա:
Հակակոռուպցիոն կրթություն.
«Հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարում դաշնակից դարձնելու նպատակով.
- Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրերը՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
- Հանրության շրջանում կկազմակերպվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր:
- Կզարգացվեն կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները»,-նշվում է ՔՈ ՍԴԿ նախընտրական ծրագրում։
Կոռուպցիայի կանխարգելում.
ՔՈ ՍԴԿ ծրագրի կոռուպցիայի կանխարգելման հատվածի համաձայն, կբարելավվի գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և ընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, շահերի բախման հայտարարագիր ներկայացնելու պահանջը կնախատեսվի բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող՝ նաև հայտարարատու պաշտոնատար անձանց նկատմամբ, կվերանայվի հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
Ամբողջովին կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։
Խոշոր բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը, որոնց շնորհիվ դրանց աշխատակազմերը կանցնեն հակակոռուպցիոն ուսուցումներ, կմշակվեն շահերի բախման, նվերների ընդունման և այլ քաղաքականություններ, կստեղծվի հատուկ ստորաբաժանում կամ կոնկրետ հաստիք (Integrity Officer), որը կզբաղվի աշխատողների կողմից վերոնշյալ քաղաքականությունների պահպանման և բարեխիղճ վարքագիծ ցուցաբերելու նկատմամբ հսկողությամբ։
Պատժի անխուսափելիություն.
Պատժի անխուսափելիության վերաբերյալ ՔՈ ՍԴԿ-ն գրում է.
- Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնում կզարգացվեն միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեջ մասնագիտացված հետաքննություն և նախաքննություն իրականացնող ստորաբաժանման կարողությունները:
- Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ:
- Կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
- Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը:
3. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն իր ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարի մասին գրում է.
Ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Այն պետք է զբաղվի կոռուպցիայի աղաղակոց և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերում, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի:
4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ծրագրում ևս անդրադարձ է կատարվում կոռուպցայի դեմ պայքարի համատեքստում ստեղծել անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Կուսակցությունը գրում է, որ իրենց համոզմամբ, որ կոռուպցիոն ցանկացած գործարք նվազեցնում է մասնավոր ընկերությունների արտադրողականությունը, խաթարում է ազատ մրցակցությունն ու սոցիալական արդարությունը եւ հանգեցնում է հանրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործմանը: Արդյունքում տուժում է եւ՛ պետությունը, եւ՛ քաղաքացին: «Կոռուպցիայի դեմ պայքարում մենք կենտրոնանալու ենք համալիր միջոցառումների մշակման վրա, որոնք ընդգրկելու են ռազմավարական/օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ հանրային իրազեկման ուղղությունները»,-ասվում է ծրագրում:
«Իմ քայլը» դաշինքի ծրագրում նշվում է.
1. Թեպետ կոռուպցիայի վերացման քաղաքականության մշակողները պետական տարբեր գերատեսչություններ են, կա կարիք մշտական հիմունքներով գործող միասնական ունիվերսալ մարմնի ստեղծման, որը կդառնա կոռուպցիոն դեպքերի հետաքննողը, հակակոռուպցիոն ծրագրերի համակարգողն ու պարբերական մշտադիտարկումն իրականացնողը, ինչպես նաեւ հանրային իրազեկման արշավների կազմակերպողը: Նպատակը մասնագիտական մարմնի միջոցով պետական գերատեսչությունների գործունեության մշտադիտարկումը, արդյունավետ երկխոսության ստեղծումը ու ծրագրերի արդյունավետության գնահատումն իրականացնելն է:
2. Ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ կենտրոնական է լինելու ՀՀ հաշվեքննիչ պալատի իրավասությունների եւ կարողությունների զարգացումը, ինչը հնարավորություն է տալու արդյունավետ վերահսկել պետական միջոցների օգտագործումը եւ հաշվետու լինել քաղաքացիների առջեւ:
3. Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար առաջնային ենք համարում գործողությունների ռազմավարական պլանավորումը: Ըստ այդմ` մենք միտված ենք լինելու ոչ միայն կոռուպցիոն միջադեպերի բացահայտմանը եւ դրանց վերացմանն ուղղված միջոցառումների մշակմանը, այլեւ կոռուպցիայի կանխարգելմանը:
4. Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու համար կոռուպցիայի բոլոր դրսեւորումների համար համապատասխան սահմանումներ ու սանկցիաներ ենք սահմանելու օրենսդրությամբ: Կոռուպցիայի կանխարգելման համար մեծ նշանակություն ենք տալու կոռուպցիայի համար պատիժների խստացմանը:
5. Հակակոռուպցիոն միջոցառումների համար առանցքային է դրանց պարբերական մշտադիտարկումը ոչ միայն հանրային կարծիքի հարցումներով, այլեւ յուրաքանչյուր քաղաքականության ազդեցության գնահատման միջոցով: Ըստ այդմ` իրականացնելու ենք կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հարցումներ, ինչպես նաեւ մշակելու ենք հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմներ: Այս առումով ապահովելու ենք ազդարարի ինստիտուտի հետագա զարգացումը եւ կոռուպցիոն դեպքերի բացահայտման թեժ գծի գործարկումը:
6. Ապահովելու ենք համապատասխան հանրային իրազեկման արշավների իրականացումը` թիրախավորելով հատկապես դպրոցահասակներին, ինչպես նաեւ բարեվարքության նորմերի տարածումը ինչպես հանրության շրջանում, այնպես էլ պետական կառավարման մարմիններում: Ներդնելու ենք շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգ բարեվարքության մշակույթի տարածման ենթատեքստում: Արդյունքում կոռուպցիոն միջոցներին դիմելը դառնալու է ոչ միայն պատժելի, այլեւ ոչ պատվաբեր:
7. Կոռուպցիայի դեմ պայքարում սերտորեն համագործակցելու ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնավորապես` հետաքննող լրագրողների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ` իրականացնելով վերջիններիս հետ գործառույթների բաժանում եւ որոշ գործառույթների պատվիրակում` մեծացնելով միջոցառումների արդյունավետությունը եւ թիրախայնությունը եւ ապահովելով ռեսուրսների արդյունավետ օգտագործում:
5. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում նշում է, որ Հայաստանում ժողովրադավարացման, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը կոռուպցիան է՝ իր բոլոր դրսևորումներով: Ծրագրում ասվում է.
««Լուսավոր Հայաստանն» իր գործունեությամբ պայքարելու է ինչպես կաշառակերության, պետական ունեցվածքի հափշտակության, այնպես էլ ստվերային տնտեսության և հովանավորչության դեմ, որը կներառի՝
- հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրում և կիրառում,
- դատական համակարգի անկախության և արդարադատության անխուսափելիության ապահովում,
- ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքար և պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ներդրում,
- բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրում»:
6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում հակակոռուպցիոն պայքարի մասին ոչ մի անդրադարձ չկա:
7. «Ազգային առաջընթաց» կուսակցութան ծրագրում նշվում է, որ կոռուպցիայի ու հովանավորչության դեմ իրական պայքարի իրականացում և քրեական պատժի խստացում՝ պաշտոնատար անձանց կողմից տվյալ հանցագործությունների կատարման դեպքում։
«Անհրաժեշտ է սահմանել և նախատեսել պատիժ քաղաքական կոռուպցիայի ու հովանավորչության համար՝ միազգային առաջադեմ փորձի հաշվառմամբ։ Մեր համոզմամբ կաշառակերության դեմ պայքարի կարևոր տարրերից է օրենսդրության կատարելագործումը այն հաշվով, որ բացառվեն կոռուպցիոն ռիսկեր ստեղծող իրավակարգավորումները և կրճատվեն հայեցողական լիազորությունները»,-ասված է ծրագրում։
8. «Մենք» դաշինքն իր ծրագրով նախատեսել է անզիջում պայքար կոռուպցիայի, մենաշնորհների և ստվերի դեմ:
Դաշինքը նատեսում է ունենալ Էապես բարեփոխված հանրային կառավարում, որը պետք է ներառի ժողովրդավարական և անկախ հաստատությունների ամրապնդումը, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների զարգացումը, քաղաքացիական ծառայության ապաքաղաքականացումը, էլ-կառավարման համակարգի մշակումը և ինստիտուցիոնալ թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը: Նախատեսվում է նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգերի ներդրում՝ հաշվի առնելով միջազգային փորձը և չափանիշները:
Ծրագրում նշվում է. «Ստվերի վերացում տնտեսության մեջ: Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ հեղինակավոր կազմակերպությունների ու փորձագետների գնահատականով ՀՆԱ-ի նկատմամբ 30-50%, Ֆինանսների նախարարության գնահատակով՝ 34%: Պետք է վերացնել ստվերը՝ բյուջետային եկամուտները ավելացնելով 600 միլիոնից մինչև 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դա իր հերթին նշանակում է՝ բյուջետային ծախսերը բնակչության մեկ շնչի հաշվով կարող են ավելանալ 200-300 ԱՄՆ դոլար կամ միջին ընտանիքի հաշվով՝ 800-1200 ԱՄՆ դոլար:
Մենաշնորհների և օլիգոպոլիաների վերացում, բիզնեսից պետական իշխանության տարանջատում՝ դադարեցնելով պետական խտրական և հովանավորչական քաղաքականությունը, խստացնել տնտեսական մրցակցության օրենսդրությունը»:
9. Օրինաց երկիր կուսակցությունը իր ծրագրում հիշատակում է, որ կոռուպցիայի և գանձագողության դեմ պայքարի ուժեղացում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրում է նախատեսում: «Անցում վայրի օլիգարխիկ կապիտալիզմից ժողովրդական, համերաշխ սոցիալական տնտեսության»,-գրված է կուսակցության նախընտրական ծրագրում:
10. «Սասնա ծռեր» կուսակցության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ չկա:
11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս իր նախըտրական ծրագրում հակակոռուպցիոն պայքարի մասին ոչինչ չի նշել:
Այսպիսով, Ազգային ժողովում հայտնվելու դեպքում, քաղաքական ուժերը նախատեսում են.
Պատժի անխուսափելիություն.
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմին, իսկ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին բազմաֆունկցիոնալ (չի հստակեցնում ունիվերսալ, կանխարգելիչ, թե իրավապահ մարմին), ՔՈ ՍԴԿ-ն նաև` ստեղծել կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ, որի մասին ընտրություներին մասնակից մյուս քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում որևէ բան ներառված չէ: Պատժի անխուսափելիության մասին մյուս չորս քաղաքական ուժերի (որոնց ծրագրերում նախատեսված են կոռուպցիայի դեմ պայքարի դրույթներ) ծրագրում ներառված են ընդհանուր վերածական դրույթներ: Օրինակ` «Մենք» դաշինքը՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետ կառուցակարգերի ներդրում` չհստակեցնելով, թե խոսքը որ կառուցակարգերի մասին է, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական մեխանիզմների ներդրում` չհստակեցնելով, թե խոսքը որ մեխանիզմների մասին է:
Կոռուպցիայի կանխարգելում.
- Կոռուպցիայի կանխարգելման հատվածում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` կբարելավվի գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրման համակարգը, ամբողջովին կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր, խոշոր բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր, «Իմ քայլը» դաշինքը` կներդնի շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգ բարեվարքության մշակույթի տարածման ենթատեքստում, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` կներդնի և կկիրառի հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության և բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմներ, ինչպես նաև կիրկանացնի ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքար և կներդնի պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմներ:
Հակակոռուպցիոն կրթություն.
- Հակակոռուպցիոն կրթության հատվածում համակարգային մոտեցում ցուցաբերել են երկու քաղաքական ուժեր` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարում դաշնակից դարձնելու նպատակով նախատեսում է մշակել և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում ներդնել էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրերը, հանրության շրջանում կազմակերպել հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր, զարգացնել կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները: «Իմ քայլը» դաշինքը` կրականացնի կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հարցումներ, կապահովի հակակոռուպցիոն ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմներ, հանրային իրազեկման արշավների իրականացումը` թիրախավորելով հատկապես դպրոցահասակներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կներդնի բնակչության իրավագիտակցության և իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրեր` չհստակեցնելով, թե խոսքը ինչ կրթական ծրագրերի մասին է:
Ամփոփելով նշենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի կոռուպցիայի դեմ պայքարի հատվածները, կարող ենք եզրակացնել, որ հիմնականում երկու քաղաքական ուժեր են համակարգային մոտեցում որդեգրել` հիմնվելով կոռուպցիայի դեմ պայքարի երեք` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության հենասյուների վրա: Այդ քաղաքական ուժերն են` «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը: Իսկ անդրադառնալով այդ երկու քաղաքական ուժերի կողմից առաջարկվող մեխանիզմներին, պետք է նշել, որ դրանք առավել իրատեսական, փաստարկված և հստակ կերպով արտացոլված են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ծրագրում: Նաև պետք է ավելացնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի հատվածը նույնպես համակարգային առումով կառուցված է մասնագիտական ճիշտ հենքի վրա, սակայն առաջարկվող մեխանիզմների առումով ամբողջական չէ:
Ալիսա Չիլինգարյան