Սամվել Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը միջնորդություն էր ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ միջնորդությունը դատախազությունը մերժել է:

«Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել: Ընդ որում, օրեր առաջ դատախազությունում հրավիրված Ս. Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի ընդունելության արդյունքներով ցուցում էր տրվել վարույթն իրականացնող մարմնին Ս. Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքների հայտնի դառնալուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին»:

Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ անձնական երաշխավորություններ ներակյացրել էին մեդիա ներկայացուցիչներ, ակադեմիկոսներ, մտավորականներ վստահություն վայելող այլ մարդիկ:

«Ես դեռ պաշտոնապես չեմ ստացել միջնորդության պատասխանը: Պարզ էր, որ եթե առաջինը մերժվել է երկրորդն էլ կմերժեին»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով, Սամվել Մայրապետյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում է պահվում:

Այս գործով երեկ՝ նոյեմբերի 21-ին ոստիկանությունում հարցաքննվել է նաև գործարար Սիլվա Համբարձումյանը:

«ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել և բացատրություն տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Այլ մանրամանսեր չեմ կարող նշել»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել