Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը նախագիծ էին ներկայացրել՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին :
Նախագծով խորհրդարանի չկայացած նիստը համարվում է ոչ թե տեղի չունեցած, այլ ընդհատված նիստ: Եթե, օրինակ, արտակարգ իրավիճակ է ստեղծվել, շրջափակվել է խորհրդարանի շենքը, և պատգամավորները չեն կարողացել ներկայանալ նիստին, այդ նիստը համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդմիջված: Այդ նույն նիստը կարող է շարունակվել այն ժամանակ, երբ ապահովվի պատգամավորների ներկայությունը, եթե դա լինի անգամ ամիսներ անց:
Ստացվում է, որ Սահմանադրության այն դրույթը, որ երկու նիստում վարչապետ չընտրվելու դեպքում իրավունքի ուժով խորհրդարանը պետք է լուծարվի, այդ կետը հակադրվում է ընդունված նախագծին, և հետևաբար այդ նախագծի ընդունումից և ստորագրումից հետո հնարավոր կլինի կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Նշենք, որ այսօր նախագիծը ընդունվեց 2-րդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելու ընթացքում նշված դրույթը նախագծում չկար: Օրենքը վերջնականապես կհամարվի ընդունված, երբ այն ստորագրի նախագահը:
Այժմ օրենքը շարադրված է այսպես.
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդված
1. Սահմանադրության 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում վարչապետին անվստահություն հայտնելու մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
2. Սահմանադրության 125-րդ հոդվածի 2-րդ մասով և 126-րդ հոդվածով սահմանված ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Հանրապետության նախագահի ընտրության մասին հարցը քննարկվում է իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
2.1. Կանոնակարգի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
3. Սահմանադրության 157-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում Կառավարության վստահության հարցը քվեարկության է դրվում իրավունքի ուժով անհապաղ գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
4. Սույն հոդվածում նշված հատուկ նիստերի գումարման օրվա և ժամի մասին հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:
5. Եթե Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով սահմանված ժամկետները չեն խախտվում, ապա հատուկ նիստում ընդմիջում կարող է հայտարարվել միայն Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման:
6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) չի ապահովվում, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:
Եվգենյա Համբարձումյան