Այս տարվա ապրիլի 8-ի գիշերը Նալբանդյան 7-ի բակի թթենու ծառն ընկել էր «Մերսեդես» մակնիշի C կարգի ավտոմեքենայի վրա։ Սրա հետևանքով մեքենան լուրջ վնասներ էր կրել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրն առավոտյան «Կենտրոն-Կանաչապատման» աշխատակիցները հատել էին կոտրված ծառը։
Քանի որ ծառի խնամքը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, վնասի փոխհատուցման համար մեքենայի սեփականատերը՝ Վահե Քոչարյանը Երևանի քաղաքապետին դիմում է ներկայացրել։ Քաղաքապետարանը 2018 թվականի հունիսի 20–ի թիվ Ք-407 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցել և իրականացել է վարչական վարույթ:
Ուսումնասիրելով դիմումը, վարչական մարմինը հաստատված է համարել, որ, «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եզրակացության համաձայն, ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը կազմում է 1.200.000 դրամ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի հունիսի 27-ի հ.17/Ք407 գրության համաձայն՝ Նալբանդյան փողոցի 7 հասցեում տապալված ծառը եղել է կենսունակ, սակայն ծառի բնամասն ունեցել է ներքին քայքայվածություն, որը տեսանելի չէր:
Լսումների ընթացքում Վահե Քոչարյանի ներկայացուցիչը՝ Գագիկ Մելիքյանը, հստակեցրել է, որ բնակիչները բազմիցս ահազանգել են հիշյալ ծառի վտանգավոր լինելու մասին և խնդրել են այն հատել, սակայն մինչև դեպքը քաղաքացիների դիմումները մնացել են անարձագանք:
Այս մասին հրապարակումներ ունեցել է նաև Իրավաբան․net-ը։
Դեռևս 2015 թ-ի մարտի 15-ին, գրել էինք, որ բակի բնակիչներն արդեն հոգնել են քաղաքային իշխանություններին նամակ գրելուց և մեկ անգամ չէ, որ նրանք նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կտրել բակում թեքված ծառի չորացած ճյուղերը:
Նույնը կրկնվել էր նաև 2015-ի հեկտեմբերի 10-ին, այնուհետև՝ 2017 թվականի հունիսի 19-ին, երբ ավտոմեքենան հետընթաց էր կատարել, բախվել ծառին և կոտրել ապակին։
Վահե Քոչարյանի ներկայացուցիչը նշել է նաև, որ 2018 թ-ի ապրիլի 8-ից մինչև մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, փորձաքննության տրամադրված ավտոմեքենան, այլ վնասվածքների չի ենթարկվել, քանի որ ավտոմեքենան շահագործման պիտանի չի եղել և չի շահագործվել, ինչը հիմնավորվում է նաև նրանով, որ պատահարի օրը կատարված և փորձագետի կողմից կատարված լուսանկարներում ավտոմեքենայի արտաքին տեսքը նույնն է:
Երևանի քաղաքապետարանի որոշման մեջ ասվում է, որ «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից 2018 թ-ի հունիսի 5-ին կազմված՝ ավտեմեքենային պատճառված վնասի գնահատման եզրակացությամբ հիմնավորվել է «Մերսեդես Բենզ C240» մակնիշի ավտոմեքենան վնասված լինելու հանգամանքը, սակայն նշված եզրակացությամբ չի հիմնավորվում ավտոմեքենայի վնասվածքները ծառի տապալման հետևանքով առաջացած լինելու հանգամանքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Այսպիսով, Վահե Քոչարյանի դիմումը մերժվել է, որի մասին որոշումը հուլիսի 3-ին ստորագրել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը։
Ալիսա Չիլինգարյան