2 դատավոր հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ-ի և ՀՀ նախագահի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ բարձրագույն դատական խորհրդի և նախագահ Արմեն Սարգսյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործն ընդունվել է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթ:

Բարձրագույն դատական խորհուրդը 2018 թվականի օգոստոսի 6-ին նախագահին էր  ներկայացրել 2019 թվականին ստեղծվող սնանկության դատարանի դատավորների 12 թեկնածուների, որոնք նախագահի հրամանագրով նշանակվել են նշված դատարանի դատավորներ:

Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը պահանջում են, որ բարձրագույն դատական խորհրդի՝ թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչվեն:

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել թվով 12 դատավորների թեկնածությունները, սակայն այդ ցանկում բացակայել են դատավորներ Ալեքսեյ Սուքոյանի և Կարինե Պետրոսյանի անունները:

Դատարանի որոշմամբ՝ գործով երրորդ անձ են ներգրավվել վերոնշյալ 12 դատավորներին՝ Արա Կուբանյանին, Արթուր Աթաբեկյանին, Արմեն Չիչոյանին, Արմեն Խաչատրյանին, Արսեն Բաբայանին, Արտաշես Հովհաննիսյանին, Բագրատ Մկրտչյանին, Գարիկ Ավագյանին, Գևորգ Նարինյանին, Լիլիթ Կատվալյանին, Սամվել Թադևոսյանին, Տիգրան Փոլադյանին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել