Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու համար անհրաժեշտ է դատարան ներկայացնել դիմում:
Օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
2) դիմողի անունը (անվանումը), նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն,
3) պարտապանի անունը (անվանումը), նրա բնակվելու (գտնվելու վայրի) հասցեն, կամ նրա` Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքի գտնվելու վայրի հասցեն (հասցեները), եթե դատական ակտը ենթադրում է նաև կատարում,
4) օտարերկրյա դատական ակտը կայացրած դատարանի անվանումը,
5) դիմողի խնդրանքը` ճանաչելու և կատարման թույլատրելու օտարերկրյա դատական ակտը,
6) դիմումը ներկայացնելու շարժառիթները,
7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումին պետք է կցվեն`
1) օտարերկրյա դատական ակտը կամ դրա` օտարերկրյա դատարանի կողմից հաստատված պատճենը,
2) օտարերկրյա դատարանի կողմից հաստատված փաստաթուղթ, որ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, եթե դա չի հետևում դատական ակտի բովանդակությունից,
3) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, թե ինչ չափով կամ որ ժամանակից է կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը, եթե այն նախկինում կատարվել է,
4) պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ դատավարությանը չմասնակցած կողմը, իսկ վերջինիս մոտ դատավարական գործունակության բացակայության դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին,
5) ներկայացուցչի լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե դիմումը ներկայացվել է ներկայացուցչի կողմից,
6) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը,
7) նախատեսված փաստաթղթերի պատշաճորեն վավերացված հայերեն թարգմանությունները:
Դատարանը վերադարձնում է օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է պահանջների խախտմամբ: