Վկայի որպես դատավարության մասնակից իրավունքները և պարտականությունները, ամրագրված են ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 44-րդ և 44.1-րդ հոդվածներով, Վարչական դատավարության Օրենսգրքի 32-36-րդ հոդվածներով, Քրեական դատավարության Օրենսգրքի 86-րդ հոդվածով:
Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝
- ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
- Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
- դատավորները, արբիտրները և հաշտարարները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
- ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
- անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.
- դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի: