Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել, որից վերջինը՝ այսօր առավոտյան:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»-ն:
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելյան Քերմանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ունեցել է 5.8 մագնիտուդ ուժգնություն: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություն չկա:
Աղբյուրը մանրամասնում է, որ միայն հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ` Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով 287 բնակիչ վնասվածքներ է ստացել, 101 շինություն ամբողջովին փլուզվել է, ևս 850 շինություն՝ մասնակի վնասվել: