Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
- դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով, այդ թվում՝ այնպիսի դատավորի կողմից, ով պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել.
- ատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, սույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին.
- դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ.
- դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից.
- դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ.
- գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը.
- դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը.
- գործի քննության ընթացքում չի ապահովվել գործին մասնակցող անձի՝ թարգմանիչ ունենալու իրավունքը.
- դատական ակտը չունի պատճառաբանական մաս.
- դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.
- ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք.
- ստորադաս դատարանում առկա է եղել հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմք: