Գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա պաշտոնյա զավակների գույքն ու եկամուտները

Հունիսի 17-ին ԱԱԾ-ն հրապարակեց աղմկահարույց տեսանյութ, որտեղ երևում են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում մեծքանակությամբ ավտոմեքենար, ռազմամթերք, վայրի գիշատիչ կենդանիներ և անշարժ գույքի սեփականության մեծ թվով վկայականներ: Թե հետագայում գործի քննությունը ինչպես կավարտվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ ներկայացնում ենք, թե Մանվել Գրիգորյանն ու նրա ընտանիքի անդամները պաշտոնապես ինչ գույքի և եկամուտներ են հայտարարագրել վերջին տարիներին:

2012 թվականին ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին Մանվել Գրիգորյանը հայտարագրել է՝

  • 2 հատ հողամաս,
  • 1 հատ արտադրական նշանակության շինություն,
  • 2 առանձնատուն՝ իրենց շինություններով,
  • 9 ավտոմեքենա (FORD ECONOLINE E-150, GAZ 21R, GAZ 14 CHAYKA, GAZ 13 CHAYKA, PEUGEOT 405, GAZ M-20, GAZ 21U, GAZ 69, GAZ 12),
  • 4 տողով բաժնետոմսեր՝ համապատասխանաբար հետևյալ արժողությամբ՝ 72,8 միլիոն դրամ, 50 հազար դրամ, 32,9 միլիոն դրամ, 61,5 միլիոն դրամ,
  • Խնայողություններ՝ 105,8 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 45 հազար եվրո:
  • Եկամուտ՝ 2,2 միլիոն դրամ կենսաթոշակից և 105 միլիոն դրամ շահաբաժնից ստացված:

Իսկ ահա 2017 թվականին Մանվել Գրիգորյանը նորից ստացել է ԱԺ պատգամավորի մանդատ և պաշտոնը վերստանձնելու պահին՝ մայիսի 18-ին, հայտարարագրել է՝

  • 2 հատ հողամաս,
  • 1 արտադրական նշանակության շինություն,
  • 2 հատ նոր, ինքնակամ կառույց,
  • 8 հատ ավտոմեքենա ( GAZ 21R, GAZ 61, GAZ 12, PEUGEOT 405, GAZ 2217, GAZ 22, GAZ 2217-5104, GAZ 12),
  • 4 տողով բաժնետոմսեր՝ համապատասխանաբար հետևյալ արժողությամբ՝ 72,8 միլիոն դրամ, 50 հազար դրամ, 32,9 միլիոն դրամ, 61,5 միլիոն դրամ,
  • Խնայողություններ՝ 405,8 միլիոն դրամ, 45 հազար դոլար, 45 հազար եվրո:
  • Եվ պաշտոնը ստանձնելու դրությամբ այդ տարի նրա միակ եկամուտը, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել է ընդամենը 1,97 միլիոն դրամ, որն էլ ստացվել է աշխատավարձից:

2012-ից 2017 թվականներին նրա կողմից ներկայացված հայտարարագրերում չի նշվում որևէ գույքի ձեռքբերման կամ վաճառքի մասին դրույթ, սակայն երկու հայտարարագրերից պարզ է դառնում, որ անշարժ գույքի ու ավտոմեքենաների դեպքում տարբերություններ կան:

Նրա որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը 2012 թվականին ստանձնելու պահին հայտարարագրել է՝

  • 1 հատ առանձնատուն,
  • 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 հատ մեքենա՝ TOYOTA COROLLA 1.6,
  • 2 տողով բաժնետոմսեր՝ 12 միլիոն դրամ և 15 հազար դրամ արժողությամբ,
  • Խնայողություններ՝ 2,75 միլիոն դրամ, 640 դոլար, 4 189 դոլար,
  • Եկամուտ՝ 5,1 միլիոն դրամ աշխատավարձից, 12 միլիոն դրամ նվիրատվությունից, 6 միլիոն դրամ՝ վերցված վարկից:

2016-ին նա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը վերստանձնելու պահին հայտարարագրել է՝

  • 1 հատ առանձնատուն,
  • 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • 1 հատ մեքենա՝ AUDI Q5 3.2 (Ի դեպ, նա 2015-ին վաճառել է Totyota Corolla-ն 3,1 միլիոն դրամով և գնել այս մեկը 8 միլիոն դրամով),
  • 3 տողով բաժնետոմսեր՝ 12 միլիոն դրամ,  15 հազար դրամ և 5 000 դրամ արժողությամբ,
  • Խնայողություններ՝ 6,7 միլիոն դրամ, 2000 դոլար, 5500 դոլար,
  • Եկամուտ՝  2,75 միլիոն դրամ աշխատավարձից ստացված:

Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը 2005 թվականից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Նա 2011-ից 2017 թվականներին նա հայտարարագրել է եկամուտներ, առավելագույնը 6 միլիոն դրամ, խնայողություններ՝ առավելագույնը 2,9 միլիոն դրամ: 2014-ին օտարել է VAZ 2112՝ 1,2 միլիոն դրամով: Իսկ 2015 թվականին 21,6 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել