Փոխվել է Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը։ Նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը փոխարինվել է բաց տիպի ռեժիմով։
Նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ էր արձակել։ Կյուրեղյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։
Այժմ նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից Իրավաբան.net-ը տեղեկացավ, որ Հայկ Կյուրեղյան այժմ աշխատանքային պայմանագիր չունի ոչ մի ընկերության հետ, և միայն լինելու դեպքում նա հնարավորություն կունենա դուրս գալ ՔԿՀ-ից։
Հավելենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի, իսկ երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:
Քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝
1. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:
2. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։
3. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով (Ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը) սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:
4. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Ալիսա Չիլինգարյան