Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը: Դատական նիստերի դահլիճ բերված Հայկ Կյուրեղյանը դատավճռի հրապարակման ժամանակ ոտքի չկանգնեց՝ շարունակելով նստած մնալ: Դատարանը, նախագահությամբ Արմեն Բեկթաշյանի, դիմելով Հայկ Կյուրեղյանին, ասաց, որ նախազգուշացնում է, որ ոտքի չկանգնելու դեպքում կհեռացվի նիստերի դահլիճից: Կյուրեղյանը շարունակեց նստած մնալ, ինչի պատճառով դատարանը սանկցիա կիրառեց և վերջինիս հեռացրեց նիստերի դահլիճից:
Այնուհետև հրապարակվեց դատավճիռը: Հայկ Կյուրեղյանին մեղսագրված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանը պատիժ նշանակեց 7 տարվա ազատազրկում, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 5 տարվա ազտազրկման: Պատիժների գումարմաբբ՝ վերջնական պատիժ նշանակվեց 9 տարի ազատազրկում:
Դատավճռով բավարարվել է նաև գործով տուժող՝ Քրիստինա Սարդարյանի քաղաքացիական հայցապահանջը. հարուցված վնասի համար Հայկ Կյուրեղյանը որպես փոխհատուցում պետք է վճարի 284.000 ՀՀ դրամ: Նաև հօգուտ պետության առգրավվելու է գազային ատրճանակը, որով Կյուրեղյանը իրականացրել էր իր բողոքի ակցիան:
Դատավճիռը կարող է մեկ ամսվա ընթացքում բողոքարկվել վերաքննիչ դատարանում: