Դատախազը այլևս չի կարողանա հանցագործության մեջ կասկածվող անձին ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ. նոր նախագիծ

ՀՀ քննչական կոմիտեն նոր օրենքի նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Նախագծով՝ հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել միայն հետաքննության մարմինը և քննիչը: Այս շարքից հանվել է դատախազը:

Նախագծով նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու չի լինի դիմել դատարան` նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով:

Գործող օրենդրքությաբ՝ դատարանում վարույթն սկսելու հիմք է ծառայում հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված որոշման մեջ պարունակվող միջնորդությունը: Նախագծով՝ դատախազի լիազորությունները այս մասով կասեցվում են:

Նախագծով՝ հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն պարտադիր պետք է ուղարկի հսկող դատախազին։ Միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել պաշտոնական էլեկտրոնային փոստով:

Միջնորդությունները կքննի դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը մասնակցում է միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը։

Որոշումը կայացնելու օրը դատարանն այն ուղարկում է միջնորդություն հարուցած անձին, իսկ որոշման պատճենը՝ հսկող դատախազին:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել