Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին

Այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Արցախի հետ հարաբերությունները կունենան նոր դրսևորումներ և հույս է հայտնել, որ նոր շունչ կտրվի Արցախի միջազգային ճանաչման գործընթացին:

«Մենք հանդիպում ենք ունեցել ՊԲ-ում բարձրագույն հրամանատարական կազմի հետ, նաև ՊԲ հրամանատարի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ: Ես լսել եմ նրանց զեկույցները: Մենք պայմանավորվել ենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»,-նշել է Փաշինյանը:

Արցախի՝  բանակցային սեղանի շուրջ վերադառնալու մասին հարցին պատասխանելով Նիկոլ Փաշինյանը ասել է. «Պետք է նախ պատասխանել մի հարցի, ուզո՞ւմ ենք լուծել խնդիրը, թե՞ չենք ուզում: Եթե Ադրբեջանը կամ միջազգային հանրությունն ուզում են լուծել հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է մի ֆորմատով, որով այն չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը բանակցություններին չի մասնակցում: Սա պրագմատիկ հարց է, ոչ թե զգացմունքային: Արցախի անունից կարող է խոսել միայն Արցախի իշխանությունը: Հայաստանը ևս հակամարտության կողմ է և լիարժեք կխոսի իր անունից: Ես պատրաստ եմ ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Արցախի նախագահի»:

Վարչապետը հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և խոսում Երևանը, Զանգեզուրը վերցնելու մասին, փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է. «Դրա մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանից կստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը: Հայաստանն ու Արցախը դրա առաջ չեն ընկրկի, առավելևս հիմա, երբ մեր ժողովուրդն առավել քան երևէ միասնական է»:

Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ Արցախյան խնդրի էությունը մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն է, որովհետև այդ հարցը ծագել է, երբ Ադրբեջանը ոչ միայն ի վիճակի չի եղել ապահովել ԼՂԻՄ-ի հայ բնակչության նվազագույն իրավունքները, այլև ուղիղ սպառնալիք է ստեղծել նրանց կյանքի ու ինքնության իրավունքին. «Այդ սպառնալիքները արտահայտվել են կոնկրետ գործողություններով խաղաղ բնակչության դեմ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել