«Մենք ունենք ծրագիր՝ արդեն նախապես ընդունված»: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Հայաստանից դուրս բերված ապօրինի հարստությունը վերադարձնելու մասին հարցին:
Պատգամավորը սակայն նշեց, որ այսօր առաջնային է նոր, արտահերթ ընտրությունների կազմակերպումը:
«Այսօր գործընթացները գնում են այլ քաղաքական մթնոլորտում, և մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ պետք է կազմակերպվեն շտապ, արտահերթ ընտրություններ: Այսինքն, խոսքը գնում է այն մասին, որ ժամանակավոր կառավարություն է ձևավորվելու, որը պետք է նախապատրաստվի արտահերթ ընտրություններին»,-նշեց Թանդիլյանը:
Նա նաև նշեց, որ այս ժամանակահատվածում, թե ի՞նչ կկատարվի, ի՞նչ կհասցվի արվել կամ չի հասցվի, դա այլ քննարկման առարկա է. «Այդ մասին այսօր, խմբակցության նիստում քննարկում տեղի չի ունեցել, բայց մենք պետք է հասկանանք, որ այսօրվա առաջնահերթությունը արտահերթ ընտրություններ կազմակերպելն է: Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվի այն կառավարությունը, որը կընտրվի մայիսի 1-ին»:
Իրավաբան.net-ի լրագրողի հարցին, թե «Ելք»-ը արտահերթ ընտրություններ կազմակերպելու դեպքում դաշինքո՞վ է գնալու ընտրության, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Այդ հարցը չի քննարկվել: Հիմա կարծում եմ, որ առաջնահերթություն են ընտրական օրենսգրքի այնպիսիս փոփոխությունները, որոնք հավասար հնարավորություններ կստեղծեն բոլոր քաղաքական ուժերի համար: Իրապես արդար, հավասար ընտրություններին մասնակցելու համար: Սա ամենակարևորն է: Մնացած հարցերը քննարկման առարկա են»:
Եվգենյա Համբարձումյան