Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ հակակոռուպցիոն անկախ մարմին ունենալու վերաբերյալ

Թավշյա հեղափոխության նախաձեռնող, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղեցինք Հայաստանից դուրս բերված ակտիվները վերադարձնելու մեխանիզմների, ինչպեսև հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու մասին, ինչին ի պատասխան Ն. Փաշինյանը պատասխանեց,  թե ամեն ինչին իր հերթին անդրադարձ կլինի (Մանրամասները՝ տեսանյութում):

Նշենք, որ «Ելք»-ի նախընտրական ծրագրի կոռուպցիայի դեմ պայքարի հատվածում նշվում է. «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և կստեղծվի անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին»:

Այս կետը ներառվել էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկությամբ, և  հենց այս մարմնի ստեղծումն էլ իրականում կարող է ապահովել ապօրինի հարստացածների կողմից ակտիվները Հայաստան վերադարձնելը:

Նշենք, որ Կոալիցիան վերջերս նաև հայտարարություն է տարածել՝  լայնածավալ և արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների մեկնարկի վերաբերյալ.

  1. Կոռուպցիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով ակտիվների վերադարձման ինստիտուտի անհապաղ ներդրում, որի շրջանակներում անհրաժեշտ է ձեռնամուխ լինել կոռուպցիայի հետևանքով Հայաստանից դուրս հանված ակտիվները՝ ՀՀ պետական բյուջե վերադարձնելու գործընթացը՝ ակտիվ ներգրավելով ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ դատախազությանը, իրավապահ մարմիններին և հանրությունը` բացառելով ներկայումս ՀՀ տարածքից ակտիվների արտահոսքը։
  2. Երկրում անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով ապօրինի հարստացման դեպքերի շուտափույթ հայտնաբերում և կոալիցիայի շրջանակներում հանրային անկախ փորձագիտական խմբի ձևավորում, որը միտված կլինի պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրերը վերլուծելուն և ապօրինի հարստացման դեպքերը վերհանելուն ու քրեական գործեր հարուցելու նպատակով դրանք ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելուն:
  3. Կոռուպցիայի դեմ պայքարում հանրության վստահությունը ձեռք բերելու նպատակով՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի և հանձնաժողովի անդամների ընտրության համար Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի, Փաստաբանների պալատի կողմից ձևավորվելիք մրցութային խորհրդի անդամների ընտրության գործընթացի օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների մեխանիկական վերարտադրության բացառման և բարեխիղճ, պրոֆեսոնալ, հակակոռուպցիոն արժեքներ դավանող ու համապատասխան հակակոռուպցիոն փորձ ունեցող թեկնածուների ընտրություն:
  4. Կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հիմքի վրա հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ ունիվերսալ մարմնի ստեղծում, որն օժտված կլինի ոչ միայն կրթական և կանխարգելիչ գործառույթներով կոռուպցիայի դեմ պայքարում, այլև՝ նախնական քննության անցկացման գործառույթով, ներառյալ՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ։
  5. Մենաշնորհների և գերիշխող դիրքի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով առևտրային  ընկերություններում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընտրված անկախ աուդիտի կողմից հակակոռուպցիոն աուդիտի իրականացում,  իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստրի հիմնում և գրանցամատյանի վարում։
  6. Ընտրություններում քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ ՀՀ սահմանադրության ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին ՀՀ օրենքի, քրեական օրենսգրքի արմատական հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացում:
  7. Դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով՝ կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարանի կամ հատուկ մասնագիտացված դատական կազմի ստեղծում՝ կադրային բարեփոխումների իրականացման միջոցով»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել