«Նաիրիտ» գործարանի մի մասը կվաճառվի՝ պարտքը մարելու համար

Կառավարությունը որոշում է կայացրել  «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության  հաշվեկշռում հաշվառվող Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Թամանցիների փողոցի 56/6 հասցեում գտնվող` 3961,8 քառ. մետր մակերեսով պահեստը, 24,8 քառ. մետր ծածկը և դրանցով զբաղեցված, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,7126 հեկտար հողատարածքը, ընկերության հանդեպ գործարանի ունեցած դեբիտորական պարտքի մի մասի դիմաց օտարել:

Նշենք, որ տարածքը գնահատվել է  301,300,000 դրամ, սակայն այն կօտարվի 280,335,000 դրամով:

Որոշումն ընդունվել է ապրիլի 5-ին, ուժի մեջ է մտել ապրիլի 7-ին:

«Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ն 23.02.2018թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին` պատրաստակամություն հայտնելով ձեռք բերել գույքային համալիրը և այն օգտագործել իր ծրագրերի համար` արդյունաբերական և այլ գործարար նպատակների համար, մասնավորապես հիմնել`

  • մեխանիկական արտադրամաս (մետաղական և փայտաշեն կոնստրուկցիաների պատրաստման նպատակով),
  • ժամանակակից բետոնի գործարան,
  • շինանյութերի արտադրության և վերամշակման լրակազմ կենտրոն,
  • շինարարական նյութերի և կիսապատրաստուքների կենտրոնացված պահեստ,
  • երկաթ-բետոնյա և բետոնյա կոնստրուկցիաների արտադրամաս,
  • վարձակալությամբ տրվող պահեստային տարածքներ` կահավորված անհրաժեշտ բեռնման և բեռնաթափման սարքավորումներով,
  • վարձակալությամբ տրվող մատչելի գրասենյակային տարածքներ փոքր և միջին բիզնեսի համար,
  • բարձրորակ և միաժամանակ մատչելի հյուրանոցային համալիր,
  • շինարարական, գյուղատնտեսական, մանր և միջին տեխնիկայի ցուցասրահ, պահեստ, ինչպես նաև սպասարկման, վաճառքի ու վարձակալության կենտրոն,
  • ծանր շինարարական, գյուղատնտեսական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների սպասարկման կենտրոն և կայանատեղի,
  • միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող մեքենաների կայանման վայր:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել