17 միլիոն դրամ՝ նախագահի երդմնակալության արարողությանը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար

Ազգային ժողովի աշխատակազմը ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում պաշտոնական պատվիրակությունների  ընդունելության համար պայմանագիր է կնքել «Աուտդոր սերվիս» ՍՊ ընկերության հետ։ Պայմանագիրը կնքվել է այս տարվա մարտի 30-ին։

Պայմանագրի տվյալների համաձայն՝ ԱԺ-ի կողմից գնման հրավեր ուղարկելու կամ հրապարակելու ամսաթիվը մարտի 27-ն է նշվել։

Պաշտոնական պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու այս ծառայության համար պետական բյուջեից հատկացվել է 17 միլիոն դրամ (շուրջ 35 000 դոլար)։

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ընթացքում ՀՀ նորընտիր նախագահի երդմնակալության  արարողության շրջանակներում Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակությունների  ընդունելության համար կազմակերպվելիք պաշտոնական միջոցառումը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Պայմանագրի համաձայն՝ դահլիճի նախամուտքի, մուտքի, միջանցքի և բեմի ամբողջական ձևավորումը կկատարվի կողմերի միջև նախապես մշակված դիզայներական լուծումներով։

Այն կներառի լուսադիոդային էկրաններ, մետաղական ֆորմաներ, ընկերությունը կտեղադրի նաև լուսային սարքերը, կիրականացնի լայնաֆորմատ տպագրություն, կկատարվեն դրոշների ամրակների պատրաստում և տեղադրում:

Դրոշների, ծաղկե կոմպոզիցիաների պատրաստումը, բեմի երեսպատումը, լեդ էկրանների սպասարկումը և տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև միջոցառումից բխող  այլ անհրաժեշտ ծառայությունները ևս կկատարի «Աուտդոր սերվիս» ՍՊԸ-ն։

Ծառայություններն ավարտելուց հետո ընկերությունը պետք է ներկայացնի մատուցված ծառայությունների ստորագրված և կնքված ցանկը՝ ըստ ծառայությունների տեսակների, քանակների և գների: Պատվիրատուի պատվերով պատրաստված (բացառությամբ վարձակալված) նյութական միջոցները «Աուտդոր սերվիս» ՍՊԸ-ի կողմից պետք է հանձնվեն պատվիրատուին՝ միջոցառման ավարտին հաջորդող աշխատանքային օրը:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել