Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանն այսօր՝ ապրիլի 6-ին, գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպանը՝ Անժելյա Հոբոսյանը:

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել նրա հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, ինչը բավարարվել է գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից:

Ամբաստանյալն ազատ է արձակվել՝ 700 հազար դրամ գրավի դիմաց:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք (1 միլոն 4000 հազար դրամ կամ 3000 ԱՄՆ դոլար):

Ըստ այդմ՝ փաստաբան Գայանե Գալոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ  նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:

Ավագ քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել