Բենզալցակայաններից ամեն ամիս 12 հազար դրամ սպասարկման վճար են պահանջում

Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել է ստացվել, որ «ՍՈՍ սիստեմս» ընկերության կողմից ՀՀ հազարավոր օբյեկտներում պարտադիր ձևով ներդրվել են հսկման համալիր համակարգեր, «այսինքն՝ թալան ինչ-որ մասնավոր ընկերության կողմից»:

«Փողոցում տեղադրված արագաչափերի համեմատ շատ ավելի քիչ ներդրման ծախսերով և ավելի մեծ եկամտաբերությամբ: Համակարգը չտեղադրելու դեպքում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կարգելվի քո հետագա գործունեությունը: Ի՞նչ է ներկայացնում այդ համակարգը: Լիցքավորողի հրդեհավտանգ սենյակում տեղադրված է վահանակ, ծխի տվիչ, լուսաձայնային ազդանշան, ձեռքի տվիչ: Աշխատանքի սկզբունքը. եթե այրվում են բաքերը, լիցքավորման աշտարակը, լիցքավորող ավտոմեքենան, ինքնաշխատ համակարգը չի գործում. պետք է զանգահարել 911, իսկ եթե հրդեհ է լիցքավորողի առանձնասենյակում, միանում է հակահրդեհային ազդանշանը: Ազդանշանը հասնում է Երևան, այնտեղից զանգահարում են պատասխանատու անձին, որը այդ պահին կարող է նաև բացակայում է հանրապետությունից, ճշտում են ահազանգի պատճառները, որոշում համապատասխան օգնող ծառայության տեսակը, զանգահարում նրաց, բացատրում օբյեկտի գտնվելու վայրը (որը իրենք էլ չգիտեն), դեպքի բովանդակությունը և սրա համար ամեն ամիս պահանջում 12 հազար դրամ սպասարկման վճար: Եվ այս ամենը տեխնիկայի այս դարում, երբ ամենահասարակ 20 հազար դրամանոց բջջային 911-ի հետ և բարձրախոսով հնարավորություն տալ հաղորդակցվելու 911-ի օպերատորի հետ: Իսկ այդ ծառայության համար մենք կարող ենք վճարել ամենաշատը 1000 դրամ: Համեմատության օրինակ կարող է ծառայել, էլի պարտադիր, «ՀԴՄ տեխնիկա» ընկերության մատուցած բազմաֆունկցիոնալ ծառայությունը, որը 10 անգամ ավելի բարդ է, բայց 10 անգամ ավելի էժան սպասարկման վարձավճարների կարգավորման կապակցությամբ: Վանաձորի բենզալցակայանների անունից Ստեփան Պապյան»,-նշված է եղել դիմումում:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ): Ի պատասխան նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ իր լիազորությունների սահմաններում իրականացնում է վերահսկողություն՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ:

«Տեղեկացնում են նաև, որ «Տեխնիկական անվտանգության աազգային կենտորն» ՊՈԱԿ-ը և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում հավատարմագրված այլ կազմակերպությունները, վերոհիշյալ պահանջի խախտման դեպքում, չեն կարողղ տրամադրել տեխնիակական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Հակառակ դեպքում նախատեսվում է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման դադարեցում՝ մինչև անվտանգության պահանջների լիարժեք կատարումը:

Համակարգից ազդանշանը ստանալուց հետո հրշեջ մեքենաները անմիջապես մեկնում են դեպքի վայր: Դրան զուգահեռ «911» ծառայությունից պատասխանատու անձին զանգելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հաճախ «911» ծառայությանը տարբեր պատճառներով փոխանցվում են կեղծ ահազանգեր և կարիք է լինում ճշտելու կանչի իսկությունը՝ մինչև հրշեջ փրկարարական ստորաբաժանումների դեպքի վայր հասնելը:

Ինչ վերաբերում է բջջային հեռախոսների «SOS» կանչին, ապա ի թիվս այլ նմանատիպ բջջային հավելվածների, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության կողմից ևս մշակվել և ներդրվել է «911 SOS» բջջային հավելված, որը ներկայումս օգտագործվում է ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից և որը օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել անվճար հիմունքներով, սակայն այս և մյուս նմանատիպ հավելվածները չեն կարող փոխարինել օբյեկտներում հրդեհային անվտանգության ինքնաշխատ համակարգերին, քանի որ հրդեհի պահին օբյեկտում կարող է որ ոք չլինել: Բացի այդ, «ՍՕՍ» համակարգը իրենից ներկայացնում է ունիվերսալ համակարգ, որը ունակ է Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին փոխանցել ոչ միայն հրդեհի ահազանգեր, այլև այլ տեղեկություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել