Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր տեղի ունեցավ «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով հերթական դատական նիստը:
Նշենք, որ սա «Սասնա ծռեր» գործից անջատված 1-ին մասն է, գործից անջատված մյուս 2 մասերը քննվում են Շենգավիթի նստավայրում:
Այսպիսով, գործից անջատված այս մասով ամբաստանյալներն են Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիշչյանը:
Դատական նիստը նախագահում է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Նիստը սկսելուց հետո դատավորը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի առողջական վիճակը վատթարացել է, արյան ճնշումը կտրուկ բարձրացել է, նա չի կարողացել դատարանի նկուղից հասնել նիստերի դահլիճ:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամբաստանյալի ճնշումը նիստից առաջ կտրուկ բարձրանում է: Նախորդ նիստին դատարանը որոշում կայացրեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն, սակայն այն դեռ չի կատարվել:
Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ առանց դատաբժշկական փորձաքննության պատասխանի իր պաշտպանյալը ընդհանրապես չպետք է դատարան բերվեր. «Այս քայլերով դատարանը խոշտանգումներ է կատարում Կարո Եղնուկյանի նկատմամբ, և ես պահանջում եմ, որպեսզի նա այլևս դատական նիստերի դահլիճ չբերվի՝ մինչև չստանանք դատաբժշկական փորձաքննության արդյունքերը»:
Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատական նիստը հետաձգվեց:
Եվգենյա Համբարձումյան