Խոշոր չափերով կաշառք վերցնելու մեջ  մեղադրվող դատավոր Վանիկ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարքունիքի  մարզի ընդհանուր իրավասության  առաջին  ատյանի դատարանի նախագահ  Աղվան Պետրոսյանի և նույն դատարանի դատավոր՝  Վանիկ Վարդանյանի  կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով գործի քննությունը:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստին պաշտպան Ռուբեն Հակոբյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալ Վանիկ Վարդանյանի դեմ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու  և որպես փոխարինման միջոց գրավ վերցնելու Կոտայքի մարզում գտնվող երկու սենյականոց բնակարանը, ինչի վերաբերյալ այսօր դատարանը հրապարակեց այդ միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում:

Այսպիսով, դատարանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց Վանիկ Վարդանյանի  պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից 2018 թվականի հունվարի 12-ին ներկայացրած միջնորդությունը, Վանիկ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ  որոշումը։

Վանիկ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի և մերժել պաշտպանի միջնորդությունը: Դատարանը նշեց, որ որոշումը կարող է բողոքարկվել Քրեական վերաքննիչ դատարանում՝ որոշումը ստանալուց 10-օրյա ժամկետում:
Նշենք նաև, որ ամբաստանյալներից ոչ ոք ներկա չէր միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակմանը, սակայն դատարանում էին ընկերները, հարազատները:
Դատարանը հաշվի առնելով ամբաստանյալների բացակայությունը դատական հաջորդ նիստի օր նշանակեց այս ուրբաթ:

Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը և նույն դատարանի դատավոր՝ Վանիկ Վարդանյանը:

Մյուս ամբաստանյալներից ստորագրություն է վերցվել չբացակայելու պայմանով:

Այս գործով անցնում են նաև մյուս ամբաստանյալները.
Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ, այս գործով ամբաստանյալ Ս. Շհոյանին տվել են 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 դոլար կաշառք՝ հանցագործության համար մեղադրվող իրենց որդու օգտին գործողություններ կատարելու համար և նրա արարքը ինքնապաշտպանություն որակելու համար: Հետագայում՝  նույն քրեական գործով դատական վարույթի ընթացքում 2015թ. սեպտեմբեր-2016թ. ապրիլ ամիսներին Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի միջնորդությամբ տվյալ քրեական գործով նիստը նախագահող դատավորին տվել են առանձնապես խոշոր չափերով՝ 10.805.170 դրամին համարժեք 23.000 դոլար կաշառք։
Էդվարդ Չինարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար նպաստել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, ինչպես նաև նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կողմից Զարիկ Գրիգորյանի ամուսնու՝ Ռոբերտ Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ( ռուբլի) կաշառք տալու համաձայնության իրականացմանը։
Ռոբերտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում գտնվող կնոջ՝  Զարիկ Գրիգորյանի անվամբ գրանցված անշարժ գույքի կապակցությամբ կայացված դատական ակտի վերաբերյալ պարզաբանում տրամադրելու համար որդու՝  Գոռ Գրիգորյանի փաստաբան Էդվարդ Չինարյանի օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ (ռուբլի) կաշառք։
Խաչատուր Դադոյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որը դրսևորվել է նրանում, որ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդես գալով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Արմեն Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի պաշտոնը, ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
Վրույր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ զբաղեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը ունենալով կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ անձնական այլ դրդումներից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին։ Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ ծառայելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ում հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող նույն ՔԿՀ-ի կալանավորված անձ Լ. Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու հարցը լուծելու համար ՔԿՀ պաշտոնատար անձին փոխանցելու պատրվակով Կարեն Մարտիկյանի միջոցով Հայկ Կարապետյանից ստացել է 450000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված  չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել