Հարկային ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցների գործով պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 15-ին, շարունակվեց  հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու գործով դատավարությունը։

Նշենք, որ գործի նյութերի համաձայն, նրանք տեղյակ են եղել, որ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի սանիկը՝ «Տապինո» ընկերության տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը  հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր և այդպիսով   չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Ըստ Ռուզաննա Աբրահամյանի տված ցուցմունքի՝ այդ ամենը կատարվել է իր կողմից խոշոր չափերի հասնող՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառքներ տալու միջոցով: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին:

Նիստին ներկա էին ամբաստանյալները, պաշտպանները, բացառությամբ՝ Վաղարշակ Գևորգյանի, ով չէր ներկայացել վատառողջ լինելու պատճառով։

«Ողջամիտ ժամկետներում գործը քննելու խնդիր ունենք, հետևաբար, կարծում եմ, որ խոչընդոտող հանգամանք չունենք, որ այս գործով պաշտպան Վարդուհի Էլբակյանի պաշտպանական ճառը լսենք այսօր»,-հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը։ Կողմերը տվեցին իրենց համաձայնությունը։

Պատվական Հայրապետյանի պաշտպան Վարդուհի էլբակյան

Վարդուհի Էլբակյանը, ով ներկայացնում է գործով մեղադրվող Պատվական Հայրապետյանի շահերը, ներկայացրեց պաշտպանական ճառը՝ շեշտելով այն հանգամանքը, որ 2015 թ-ի մարտի 13-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում նշված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրավոր հանձնարարությամբ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ԱԱԾ քննչական վարչությանը, ինչը, ճառի համաձայն, պետք է հանձնարարվեր Հատուկ քննչական ծառայությանը։

«Իմ պաշտպանյալ Պատվական Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը; արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քրեական գործի ամբողջ միջդատական վարույթով պայմանավորված քրեական դատավարական ընթացակարգը գործով իրականացված և ընդունված անխտիր բոլոր դատվարական որոշումները և գործողություններն իրականացվել են ԱԱԾ քննչական վարչության քննիչների կողմից, այսինքն, այնպիսի պաշտոնական անձանց կողմից, որոնք օրենքի ուժով այս քրեական գործով քրեական դատավարություն իրականացնելու համապատասխան քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելու իրավունք չունեին»,- ճառն ընթերցելիս նշեց Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Պատվական Հայրապետյանը զբաղեցրել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության 6-րդ բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոնը։ Նրա խոսքով քրեական վարույթն իրականացնելիս կոպտորեն խախվել և չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ, որոնք կապված էին քրեական դատավարության ընթացքում իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից ընդունվող նշված օրենսգրքով նախատեսված որոշումները։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն քրեական գործի վարույթը, այն է` քրեական գործի հարուցման նախապատրաստումը, հարուցումը, քրեական հետապնդումը, ինչպես նաև հարուցված գործի և իրականացվող քրեական հետապնդման հետ կապված բոլոր դատավարական գործողությունները և որոշումների ընդունումը կատարում են սույն օրենսգրքով սահմանված մարմինները և պաշտոնատար անձինք` իրենց վերապահված լիազորությունների շրջանակում: Վերոնշյալ իրավական ակտերի համաձայն ակնհայտ է, որ Պատվական Հայրապետյանի  վերաբերյալ քրեական գործի մինչդատական վարույթում նախաքննությունն իրականացվել է օրինականության, սահմանադրականության սկզբունքի խախտմամբ՝ քննչական վարույթի ակնհայտ խախտումով։ Տվյալ քրեական գործով դատավարությունն իրականացնելու համապատասխան քննչական այլ դատավարական գործողություն կատարելու իրավունք չունեցող անձի, ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից, ինչն առաջացրել է իրավական հետևանքներ, այսինքն, թույլ է տրվել դատավարական և նյութական իրավունքի այնպիսի հիմնարար, անդառնալի խախտումներ, որոնց հետևանքով Պատվական Հայրապետայնի նկատմամբ միջդատական վարույթից սկսած՝ մինչ օրս ակնհայտ խախտումով իրականացվել է քրեական վարույթ և քրեական հետապնդում»,-մանրամասնեց Պատվական Հայրապետյանի պաշտպանը։

Էլբակյանը նշեց, որ նմանատիպ նախադեպեր կան Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով։

Պաշտպանը միջնորդեց, որպես ապացույց անթույլատրելի ճանաչել իր պաշտպանյալի վերաբերյալ 2015 թ-ի մարտի 13-ից հետո քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցները, փաստական տվյալները, ինչպես նաև ընդունված դատավարական որոշումները։ Դադարեցնել քրեական հետապնդումը Հայրապետյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչպեսև վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի խոսքին՝ ոչինչ չավելացնելով։

Հաջորդ նիստին՝ հունվարի 22-ին կլներկայացվեն մյուս պաշտպանների ճառերը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արամ Հովսեփյանի և Գագիկ Մազմանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուս երկու ամբաստանյալների՝ Պատվական Հայրապետյանի և Բագրատ Ասատրյանի նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Ծանուցում.  ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել