Դատախազը միջնորդեց 20 տարվա ազատազրկում՝ Էքստրասենսի սպանության գործով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը:

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։

Գործի քննությունը վիճաբանությունների փուլում է: Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազ Սաֆարյանը դատարանին ներկայացրեց մեղադրական ճառը: Նա իր խոսքում նշեց, որ մարդու կյանքն անգնահատելի է: Հանցագործություններից ամենածանրը դիտվում են սպանությունները, քանի որ դրանց հետևանքով առաջանում է անդառնալի կորուստ:

Մեղադրողը նշեց, որ  գործի նյութերի համաձայն, իր բնակարանում հայնտաբերվել է Անի Մաջնունյանի դին, որին հասցված էր դանակի բազում հարվածներ:Խառնված է եղել նաև Անի Մաջնունյանի տան մահճակալի վրա գտնվող անկողնային պարագաները: Սենյակներից պահարանների մի մասը հանված է եղել:

 Մինչ սպանությունը Մուշեղը պարզել է Անի Մաջնունյանի բջջային հեռախոսահամարը, կապ հաստատել Անի Մաջնունյանի հետ, ներկայացել է որպես արվեստագետ։  Այնուհետև առավել հաճախակի է սկսել շփվել Անի Մաջնունյանի հետ, սկսել է գումարներ  խնդրել նրանից՝ պատճառաբանելով, թե ցանականում է ֆիլմ նկարահանել: Դրանով չի սահմանափակվել և Անի Մաջնունյանից գումարներ խնդրելու հանգամաքը սկսել է պարբերական բնույթ ստանալ:

Տեղեկացած լինելով, որ Անի Մաջնունյանը տանը գումար ունի, Մուշեղ Մխիթարյանը որոշել է սպանել նրան և վերջանականապես հափշտակել ամբողջ գումարը: Այդ նպատակով Մուշեղ Մխիթարյանը 2015 թվականի օգոստոսի 4-ին իր հետ վերցնելով մեկ դանակ, հանդիպել է սույն գործով վկա Աննա Միսակյանին և հայտնել է իր մտադրության մասին: Այդուհետև Աննա Միսակյանից պահանջել է իր հետ գալ իր նպատակն իրագործելու համար: Վերջին պահին Աննա Միսակյանը հրաժարվել է մասնակցել սպանության գործընթացին և նույնիսկ չենթարկվելով Մուշեղ Մխիթարյանի կողմից հնչած սպառնալիքներին, թողել է նրան և հեռացել: Այնուհետև Մուշեղ Մխիթարյանը նույն օրը ժամը 23։00-ի կողմերը բարձրացել է Անի Մաջնունյանի բնակարան (նա նախապես զանգահարել է Անի Մաջնունյանին և տեղեկացրել իր այցելության մասին), որոշ ժամանակ հետո իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի մասերին՝ պատճառելով, գլխի, դեմքի, որովայնի և վերջույթների շրջանում բազմաթիվ վնասվածքներ, ինչն էլ հանգեցրել է Անի Մաջնունյանի մահվան:

Մուշեղ Մխիթարյանը բնակարանից հափշտակել է Անի Մաջնունյանին  պատկանող իրերը և պատճառել ընդհանուր՝ 44.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այնուհետև հափշտակել է նրա բջջային հեռախոսը, փակել բնակարանի դուռը և հեռացել:

Դատախազը  նշեց, որ սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով, քանի որ Մուշեղ Մխիթարյանը սպանություն է կատարել Անի Մաջնունյանի գումարը և իրերը հափշտակելու մտադրությունից ելնելով:

Այսպիսով, մեղադրող դատախազ Սաֆարյանը դատարանին միջնորդեց Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 20 տարի ազատազրկման ժամկետով, ինչպես նաև միջնորդեց Մուշեղ Մխիթարյանից բռնագանձել դատական ծախսերը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Թամարա Բաղդասարյանն ասաց, որ դատախազը պատիժ միջնորդեց 20 տարի ազատազրկման ժամկետով, որն առավելագույնն է, բայց ոչ արդարացին. «Հարց է առաջանում.  20 տարին ի՞նչ պատիժ է: Արդյո՞ք դա կսփոփի տուժողի մորը: Դժվար է ասել, թե մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո Մուշեղ Մխիթարյանը երբ վերադառնա կյանք, ինչպիսի վարք կդրսևորի, իսկ Անի Մաջնունյանն այլևս չի վերդառնա: Պետք է այստեղ պատասխանատվության կանչվեին բոլորը»։

Թամարա Բաղդասարյանը նշեց, որ կատարված հանցագործության համար սահմանված է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկման ժամկետ: Նա շեշտեց, որ Մուշեղ Մխիթարյանը 59 հարված է հասցրել Անի Մաջնունյանի մարմնին՝ այդ թվում նաև դեմքին: Կատարել է դաժան սպանություն և ուղղորդվել շահադիտական նպատակներով: Հանրային վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝  Թամարա Բաղդասարյանը դատարանին միջնորդեց Մուշեղ Մխիթարյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ցմահ ազատզրկման:

Դատարանում էր նաև տուժողի իրավահաջորդի մայրը՝ Լորետա Գոլմիյանը: Նա ամբողջ դատական նիստի ժամանակ անդադար լալիս էր: Նրան նույնպես խոսքի իրավունք տրվեց.

«Նախ կուզեմ խոսել այն մասին,որ մենք՝ հայ ժողովուրդս, ապրել ենք երկար դարեր շարունակ, բայց, եթե մենք մեր օրենքներն անտեսենք, ապա միշտ այսպես կշարունակվի՝ այսօր Անին, վաղը՝ մեկ ուրիշը:  Անին բարի, ազնիվ անձնավորություն էր: Նա միայնակ էր: Ընդամենն ուներ մեկ մայր և մեկ եղբայր ամբողջ աշխարհում: Մենք չունեինք հարազատներ, բարեկամներ: Պարոնն օգտվեց այդ առիթից, որ Անին միայնակ է, ամիսներ շարունակ սկսեց փող շորթել Անիից: Մի օր ասաց՝ դեղ է պետք, բժիշկ է պետք: Անին ասում էր՝ երեխա լակոտ ա, մամա, թող գնա բուժվի, մեղք ա,- տիկին Լորետան հուզվեց, ապա նայելով դեպի Մուշեղ Մխիթարյանը,  շարունակեց,- Թողնեիր հոգին ավանդեր, նոր փողերը քանդեիր, լցնեիր դիակի վրա ու փող փնտրեիր այդտեղ…: Դանակի 60 հարված ես հասցրել, ջարդել ես ձեռքերի ոսկորները, որ չկարողանար պայքարել: Անիս չորեքթաթ վազել է դռան մոտ, որ փրկություն խնդրի: Դու այնքան անխիղճ ես եղել: Դու ոչ թե մեկ, այլ երեք հոգու ես սպանել՝ մեկը Անին, մյուսը՝ ես, որ կմախք եմ դարձել, մյուսն էլ տղաս, որ տեսնելով Անիի դիակն ուշաթափվել է և կորցրել հիշողությունը»։

Մայրը դատարանին ասաց, որ, եթե Մուշեղ Մխիթարյանին ցմահ ազատազրկման չդատապարտեն, ապա նա կբողոքի մինչև Եվրոպական դատարան: Խոստացավ, որ կվաճառի բնակարանը և այդ գումարով կգնա մինչև վերջ ու չի ընդունի ցմահ ազատազրկումից բացի մեկ այլ պատիժ:

Խոսքի ավարտին Լորետա Գոլմիյանն ասաց. «Այնպես դաժանորեն է սպանել: Ամբողջ արյունը ցրիվ է տվել հատակին: Այնքան եմ մաքրել դռան կողքի հատակի հատվածը, սակայն արյունն այդպես էլ չի մաքրվել: Այդպես չորացել է Անիիս արյունը և մնացել, որի վրա «խալի» եմ փռել ու ամեն անգամ խալին բարձրացնում եմ, համբուրում հատակն ու էլի ծածկում…»։

Իր խոսքի ընթացքում կինը հուզվում էր, արցունքները խեղդում էին ձայնը։

Հաջորդ դատական նիստին դատարանը կլսի պաշտպանական ճառը։

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել