Օրվա հրամայականն է ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Նիստի սկսզբում ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությունները, որից հետո պատասխանել է մասնակիցների հարցերին:

 

Այնուհետև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը զեկուցել է բաձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացման խնդիրները:

 

Զեկուցումներից հետո տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ՝ առկա բացթողումները և խնդիրները վերացնելու համար:
Մասնավորապես, ՀԵԻԱ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առաջարկել է.

 

· Oրենսդրորեն կարգավորել հաղորդում տվող անձանց պաշտպանությունն ու խրախուսումը, որի առկայությունը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի անկաշկանդ հաղորդել իրենց հայտնի կոռուպցիոն դեպքերի մասին:

 

· Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականի ապրիլի 7-ին միանալով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, վերապահումով է վավերացրել միջազգային այս փաստաթուղթը: Անհրաժեշտ է հանել վերապահումը և օրենդրորեն քրեականացնել ապօրինի հարստացումը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։

 

· Ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին, որը կիրականացնի.

 

ա) կանխարգելիչ հակակոռուպցիոն քաղաքականությունը և պրակտիկան, ինչպես նաև քաղաքականության իրականացման նկատմամբ մոնիտորինգը,

բ) կոռուպցիայի կանխարգելման հարցերով իրազեկության բարձրացումը:

 

· Անհրաժեշտ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի, եթե քաղաքացին ներկայացնում է բողոք պաշտոնատար անձի կողմից ներկայացված հայտարարագրի վերաբերյալ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր է հետաքննել և ստուգել տվյալ հայտարարագրի բովանդակությունը:

 

 

Մասնակիցների կողմից առաջարկվել է նաև ստեղծել մասնագիտացված աշխատանքային խմբեր, որոնք հնարավորություն կտան գերակա 3-4 ոլորտներում էապես խորացնել վերլուծությունների որակը և բացահայտել կոռուպցիոն երևույթները ծնող պատճառները, ապահովել ծրագրերի իրականացման հրապարակայնություն և այդ աշխատանքներում ներգրավվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

 

«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսևորումները, որից հետո պետք է լինեն հստակ և հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 

Կառավարության ղեկավարը կարևորել է որոշումների կայացման և դրանց իրականացման վերահսկողության աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

 

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԿ-ների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, և հույս հայտնել, որ վերջիններս առաջիկայում գրավոր կներկայացնեն իրենց առաջարկությունները, որոնք կդառնան քննարկման առարկա:

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրականացվող բարեփոխումների կարողություններն էապես ավելացնելու համար էական նշանակություն է ունենալու նաև միջազգային դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել