Ինչո՞ւ հետաձգվեցին երկու դատական նիստերը

Նոյեմբերի 2-ին,  ժամը 11:00-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ պետք է կայանար թիվ ՍԴ/0235/01/12 քրեական գործով դատական նիստ:

 

Թիվ ՍԴ/0235/01/12 գործը ստացվել է Սյունիքի մարզի դատախազությունից հոկտեմբերի 10-ին:

 

ԻԻՀ Գիլան նահանգ Թալեշ քաղաքի բնակիչ Ղասեմ Ակահ Ռուդփիշիին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդվածի երկրորդ մասի`«Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ» և 268 հոդվածի երրորդ մասի` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, …որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով» հատկանիշներով:

 

Նա, առանց իրացնելու նպատակի, ՀՀ մաքսային սահմանով մաքսային հսկողությունից գաղտնի տեղափոխել է 10.8 գրամ «մզվածքային ափիոն» տեսակի թմրանյութ:

 

Ղասեմ Ակահ Ռուդփիշին դատվածություն չի ունեցել: ԻԻՀ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

 

Մեղադրող Գարիկ Դանիելյանի բացակայության պատճառով, ինչի մասին վերջինս նախօրոք ուղարկել էր գրություն, դատական նիստը հետաձգվել և նշանակվել է նոյեմբերի 22-ին:

 

 

Նույն օրը, ժամը 14:30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում պետք է կայանար թիվ ՍԴ/0323/01/12 քրեական գործով դատական նիստ` նախագահությամբ Լեռնիկ Աթանյանի:

 

Գործը ստացվել է հոկտեմբերի 16-ին Գորիսի կայազորի զինվորական դատախազությունից:

 

Երևան քաղաքի բնակիչ, 15.06.1993թ.-ին ծնված Խաչատուր Գավուկչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. Զորակոչի կամ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն անցնող զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը երեք oրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք oր տևողությամբ:

 

 

Խաչատուր Գավուկչյանը, հանդիսանալով N զորամասի պարտադիր զինծառայող, կոչումով շարքային, 2012թ.-ին օգոստոսի 1-ին ինքնակամ թողել է զորամասը և հայտնաբերվել է օգոստոսի 5-ին, ապա` վերադարձվել զորամաս: Խաչատուր Գավուկչյանը դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողության հանձնելը:

 

Հրավիրված վկաներից դատական նիստին ներկա էր միայն վկա Բաբայանը, մյուս վկաների չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարանին ոչինչ հայտնի չէ:

 

Բացակա էին գործի կողմերը, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց նոյեմբերի 26-ին, ժամը 14:30-ին:

 

Հանրային թղթակից՝ Հասմիկ Ասատրյան

Աղբյուրը՝ Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել