ՊԵԿ-ի պաշտոնական պատասխանը՝ կանխավճարներ և գերավճարներ մուծելու վերաբերյալ

Լոռու մարզից գործարարը Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել է այն մասին, թե հարկային մարմնի աշխատակիցները զանգարահում  և ասում են, թե նախապես պետք է գումար վճարել՝ «պլանը» կատարելու համար․ «Կանխավճար կամ գերավճար։ Արդյո՞ք նման իրավունք ունեն նրանք, եթե ոչ, ապա ինչ պատասխանատվությում է նախատեսված նրանց համար»,- գրել է գործարարը։

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել պետական եկամուտների կոմիտե։ Ի պատասխան ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Ա․ Մնացականյանը նշել է, որ ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է օրինապահ քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը բխում է բիզնեսի շահերից։ Եվ սա ենթադրում է գործելաոճի առանցքում գործընկերային շփումներ, քանի որ հարկային մարմինները նպատակ ունեն իրազեկումների և հեռախոսազանգերի արդյունքում հարկ վճարողներին ներկայացնել առկա ռիսկերը և ուղղորդել ինքնահայտարարագրման՝ հետագա պատասխանատվությունից և օրենքով սահմանված տույժերից ու տուգանքներից խուսափելու համար։

Պատասխանում նշվում է նաև, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18,75 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա  15-ից ոչ ուշ։ Երրորդ եռամյսակի կանխավճարի վճարման ժամկետը սեպտեմբերի 15-ն էր։

«Հաշվի առնելով դիմումի ամսաթիվը՝ 26․09․2017թ․ ահազանգը կարող է պայմանավորված լինել հարկային տեսուչների կողմից հարկ վճարողին իր իսկ կողմից հայտարարագրված ցուցանիշների շրջանականերում առաջացած անհամապատասխանությունների և դրա հետևանքով ճշգրտված հաշվարկների ներկայացման և առաջանալիք հնարավոր պարտավորությունների վճարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկման գործառույթով։

Գերավճար պահանջելու վերաբերյալ հարցադրման շրջանակներում հարկ ենք համարում նշել, որ նման գործառույթ և կամ պահանջ չկա, ավելին, Լոռու մարզը սպասարկող հարկային ստորաբաժանման մասով գերավճարը նվազեցման լուրջ միտումներ ունի՝ մասնավորապես, 2017 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում գերավճարը նվազել է 174,8 միլիոն դրամի չափով։

Միաժամանակ հայտնում ենք, որ յուրաքանչյուր ամիս ծրագրային առաջադրանքը սահմանելիս հարկային ծառայողներին հանձնարարվում է ձեռնպահ մնալ գերավճարների, կանխավճարների հավաքագրումների՝ նկատի ունենալով, որ նման մուտքերը, միևնույնն է, պլանային առաջադրանքի կատարողականի գնահատման ժամանակ հաշվի չեն առնվելու»,- նշված է ՊԵԿ պաշտոնական պատասխանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել