Դատավորը պարտավոր է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին

Դատավորն ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս պարտավոր է խուսափել դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:

 

Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ իր ընտանեկան, սոցիալական կամ այլ բնույթի հարաբերությունները որևէ կերպ ներազդեն դատարանում իր լիազորությունների իրականացման վրա:

 

Դատավորը պարտավոր է թույլ չտալ, որ ստեղծվի այնպիսի տպավորություն, կարծես այլ անձը, իր ընտանեկան, սոցիալական, պաշտոնական կամ այլ դիրքից ելնելով` կարող է ազդել դատավորի վրա:

 

Դատավորը պարտավոր է չօգտագործել դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի:

 

Դատավորն իրավունք չունի Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալու հօգուտ որևէ անձի:

 

Դատավորն իրավունք չունի քաղաքացիական, վարչական կամ քրեական վարույթի շրջանակներում բնութագիր տալու որևէ անձի հատկանիշներին այլ կերպ, քան դատական ակտով:

 

Դատավորը չպետք է անդամակցի այնպիսի կազմակերպությունների, որոնք սերմանում են թշնամանք և խտրականություն` կախված ռասայից, սեռից, ազգային պատկանելությունից, դավանանքից կամ այլ հատկանիշներից, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են oրենքով արգելված գործունեություն: Անդամությունը կրոնական կազմակերպություններին կամ հայրենակցական միություններին ինքնին չի համարվում այս դրույթի խախտում:

 

Դատավորն իրավունք չունի որևէ կերպ մասնակցելու սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրoգուտ նպատակներ հետապնդող ծրագրերի համար միջոցների ներգրավման գործընթացին, ինչպես նաև թույլ տալու, որ այդ նպատակով օգտագործվի իր պաշտոնի հեղինակությունը: Այս դրույթը չի սահմանափակում դատավորի կողմից այդ ծրագրերի համար նվիրատվություն կամ նվիրաբերություն տալը:

 

Դատավորն իրավունք ունի առաջարկներ ներկայացնելու դրամաշնորհներ տվող կազմակերպություններին՝ իրավունքին, օրենսդրությանը, ինչպես նաև արդարադատության իրականացմանը վերաբերող ծրագրերի հետ կապված միջոցներ հատկացնելու վերաբերյալ, եթե այդ դատարանում չի քննվում կամ ողջամտորեն չի ակնկալվում գործ, որը կապված է այդ կազմակերպության շահերի հետ:

 

Նշված պահանջները վերաբերում են դատավորի ամենօրյա վարքագծին ինչպես դատարանում ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դատարանից դուրս:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել