Երկու տարի անընդմեջ՝ 2014-2015 թվականներին, մենք գտնվել ենք ճգնաժամային իրավիճակում, բնականաբար, դրա հետևանքով Հայաստանը ունեցել է բարձր պարտք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր՝ սեպտեմբերի 25-ին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Պարտքի ցուցանիշը բարձրացել է շուրջ 13 տոկոսային կետով: Իհարկե, միջազգային կառույցներն արձագանքել են այն քաղաքականությանը, որ այդ պարտքի բարձրացումից հետո մենք նախագծել և իրականացնում ենք 2017 թվականին և 2018-20 թթ.-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրով»,- հայտնեց Արամյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ պարտատոմսերի շուկայում նույնպես միջազգային ներդրումները չեն նվազել:
«Պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերումներ ենք ունեցել, քանի որ գործառնական ծախսերը չեն ավելացել», – ասաց Վ. Արամյանը:
Մեկ տարվա ամփոփումը ներկայացնելիս Արամյանը նաև հայտնեց, որ հարկաբյուջետային քաղաքականությունը բավական խելամիտ է տարվում, հակառակ դեպքում ռեյտինգավորող ընկերությունները դրոշակ կբարձրացնեին ու հեռանկարների հետ կապված առնվազն կայունից դեպի բացասական փոփոխություն կլիներ:
Եկամտային քաղաքականության ոլորտում իրականացվել է ՀՀ հարկային օրենսգրքի կիրակումն ապահովող իրավական նորմատիվ ակտերի նախագծերի մշակումը:
Բացի սրանից արտաքին և ներքին պարտքերի համար նախարարը հայտնեց. «Արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 269 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ դիտեք տեսանյութում:
Ալիսա Չիլինգարյան
Ալեքսանդր Սարգսյան