Բարեխղճության տարրերն են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կոմպետենտությունը, էթիկան և կոռուպցիայի կանխարգելումը: Իսկ կոռուպցիայի կանխարգելմանն համար պարտադիր են առաջին երեք պայմանների կատարումը. այս մասին այսօր հանրային ծառայողների համար նախատեսված սեմինարի ժամանակ նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարատ Ատովմյանը:
Հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով վերապատրասման դասընթացներն անցկացվեցին Երևանում աշխատող համայնքային և քաղաքացիական ծառայողների խմբերի հետ:
Մարատ Ատովմյանը միջազգային հաջողված փորձի օրինակներով ներկայացրեց, որ զրոյից զարգացած տնտեսություն կարելի է ստեղծել բարեխիղճ աշխատանքի շնորհիվ՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն դրսևորումները: Դրա վառ օրինակը կարող է լինել Սինգապուրը:
Նշենք, որ արդեն իսկ նման դասընթացներ են անցկացվել Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Այս դասընթացները անցկացվւմ են «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» Գործողությունների ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան Երևանում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում են շուրջ 200 հանրային ծառայողների վերապատրաստումներ:
Կառավարության հետ համագործակցության արդյունքում վերջին տարվա ընթացքում լուրջ քայլեր են կատարվել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում: Մասնավորապես, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախորդ տարվա գարնանը կառավարությանը ներկայացվեց հակակոռուպցիոն պայքարի ոլորտում հաջողության հասնելու ճանապարհային քարտեզ, որը բաղկացած էր վեց կետից:
Ներկայացվեցին մշակված իրավական փաստաթղթերի նախագծեր և համատեղ աշխատանքների արդյունքում քրեականացվեց ապօրինի հարստացումը, ներդրվեց կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ ազդարարների ինստիտուտը, մասնակիորեն իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, ստեղծվեց հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմինը: