ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ
Կարեն Զադոյան
Հունիս 2007թ.

ՀՀ ընտրական օրենսդրության վերլուծությունը չափազանց արդիական և կարևոր է գենդերային անհամաչափության տեսանկյունից: Օրենսդրական գործընթացը պետք է հանդիսանա կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ ապահովող սկզբունքի իրագործման գործընթացի անբաժան մաս: Ընտրական իրավունքում այն ստանում է ընտրելու և ընտրվելու նորմատիվ չափանիշներ: ՀՀ ընտրական օրենսգրքում կանանց ու տղամարդկանց ընտրելու և ընտրվելու հավասարության չափանիշը կասկած չի հարուցում, սակայն այդ իրավունքների իրականացման հնարավորությունները բավական խնդիրների հետ են կապված: Դե յուրե հայաստանյան կանանց քաղաքական իրավունքները պարկեշտ և բարգավաճ տեսք ունեն, դե ֆակտո այդ քաղաքական իրավունքների իրականացման առումով առկա են անբարենպաստ զարգացումներ՝ ռեալ կյանքում կանայք շարունակում են մնալ խտրականությունների ենթարկվող սոցիալ-ժողովրդագրական խումբ: Այդ խտրականությունները ներկայումս ի հայտ են գալիս հիմնականում քաղաքական այն իրավունքների իրագործման ժամանակ, որոնք անմիջականորեն կապված են քաղաքական-իշխանական համակարգերի ձևավորման հետ: Այս ամենը ապացուցվում է համեմատական վերլուծությամբ:
Հայ իրականության մեջ խորհրդարանական ավանդույթները սկզբնավորվեցին 18-րդ դարի վերջին: 1773թ.-ին Մադրասում լույս տեսավ Շ.Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունը, որում արտացոլվեցին Սահմանադրության և խորհրդարանական կարգի մասին դրույթները: 1918թ.-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Ձևավորվեց Հայաստանի խորհրդարանը, որը բաղկացած էր 82 հոգուց, որոնցից 3-ը կամ 3.66 տոկոսը՝ կանայք:
1920թ.-ի նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: ՀԽՍՀ-ն Հայաստանի երկրորդ հանրապետությունն էր` առաջին հանրապետության իրավահաջորդը, և մտնում էր ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այս ժամանակաշրջանում Հայաստանում գումարվել են խորհուրդների համագումարներ և Գերագույն խորհրդի նստաշրջաններ: Ընտրովի մարմիններում իրենց մշտական ներկայությունը ունեին նաև կանայք: Վերակառուցման ժամանակաշրջանի սկզբին կանայք կազմում էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի (1984թ.-ի ընտրությունների) պատգամավորների 32.8 տոկոսը, միութենական հանրապետությունների Գերագույն խորհուրդների (1985թ.-ի ընտրությունների) պատգամավորների 36%-ը, շրջանային, գյուղական խորհուրդների (1985թ.-ի ընտրությունների) պատգամավորների 50 տոկոսը: Սակայն ընտրովի մարմինների ձևավորման համար արհեստականորեն մտցված կանանց քվոտաները չէին արտացոլում քաղաքական որոշումների ընդունման գործընթացում նրանց իրական քաղաքական մասնակցությունը և դերը: Առաջին այլընտրանքային և անկախ ընտրությունները կտրուկ նվազեցրին կանանց ներկայացվածությունը ԽՍՀՄ և Հայաստանի Գերագույն խորհուրդներում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1988թ.-ի ընտրություններում 2250 պատգամավորական տեղերից կանայք զբաղեցրին 343-ը, որ կազմում էր ընդհանուր թվի միայն 15.6 տոկոսը:
1990թ.-ի Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդում, որը կազմավորվեց 1990թ.-ին, մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով՝ մայիսի 20-ին և հունիսի 3-ին, 260 պատգամավորական տեղերից կանայք զբաղեցրեցին 9 տեղերը, որը կազմում էր ընդհանուր թվի միայն 3.46 տոկոսը: Այն մի փոքր պակաս էր Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի հետ համեմատած:
1995թ.-ի հուլիսի 5-ին տեղի ունեցած ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրություններում 190 պատգամավորակական տեղերից կանայք զբաղեցրեցին 12 տեղերը՝ ընդհանուր տեղերի 6.32 տոկոսը, որը գրեթե 3%-ով ավելի էր նախորդ ընտրությունների հետ համեմատած: 150 մեծամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին ընդամենը 4-ը, որը կազմում էր մեծամասնական ընդհանուր տեղերի ընդամենը 2.67 տոկոսը: 40 համամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին 8 տեղերը, որը կազմում էր համամասնական ընտրակարգով ընդհանուր տեղերի 20 տոկոսը:
1999թ.-ի մայիսի 30-ին տեղի ունեցած ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում 131 պատգամավորական տեղերից կանայք զբաղեցրեցին 4-ը՝ ընդհանուր տեղերի 3.05 տոկոսը, որը 3.27 տոկոսով պակաս էր նախորդ ընտրությունների հետ համեմատած: 75 մեծամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին ընդամենը 1-ը, որը կազմում էր մեծամասնական ընդհանուր տեղերի ընդամենը 1.33 տոկոսը` նախորդ ընտրությունների հետ համեմատած գրեթե 2 անգամ պակաս: 56 համամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին 3 տեղերը, որը կազմում էր համամասնական ընտրակարգով ընդհանուր տեղերի 5.36 տոկոսը՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած գրեթե 4 անգամ պակաս:
2003թ.-ի մայիսի 25-ին տեղի ունեցած ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում 131 պատգամավորական տեղերից կանայք զբաղեցրեցին 7-ը՝ ընդհանուր տեղերի 5.34 տոկոսը, որը 2.29 տոկոսից ավելի էր նախորդ ընտրությունների հետ համեմատած: 56 մեծամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին ընդամենը 1-ը, որը կազմում էր մեծամասնական ընդհանուր տեղերի ընդամենը 1.79 տոկոսը` նախորդ ընտրությունների հետ համեմատած` մի փոքր ավելի: 75 համամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին 6 տեղերը, որը կազմում էր համամասնական ընտրակարգով ընդհանուր տեղերի 8 տոկոսը՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած գրեթե 2.64 տոկոսով ավելի:
2007թ.-ի մայիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում 131 պատգամավորական տեղերից կանայք զբաղեցրեցին 12-ը՝ ընդհանուր տեղերի 9.16 տոկոսը , որը 3.82 տոկոսից ավելի էր նախորդ ընտրությունների հետ համեմատած: 41 մեծամասնական տեղերից կանայք ոչ մի տեղ չզբաղեցրին: Նախորդ ընտրությունների ժամանակ կանայք ունեին 1 պատգամավորական մանդատ, որը կազմում էր մեծամասնական ընդհանուր տեղերի 1.79 տոկոսը: 90 համամասնական տեղերից կանայք զբաղեցրեցին 12 տեղերը, որը կազմում էր համամասնական ընտրակարգով ընդհանուր տեղերի 13.33 տոկոսը՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած գրեթե 5.33 տոկոսով ավելի:
ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ կանանց ներկայացուցչությունը ՀՀ հինգ գումարումների խորհրդարաններում մնում է բավական ցածր սահմանագծում, մասնավորապես, 1990թ.-ի համեմատ այն աճել է ընդամենը 5.7 տոկոսով և ներկայումս կազմում է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի ընդամենը 9.16 տոկոսը: Համեմատության համար պետք է նշել նաև մեր հարևան չորս երկրների ցուցանիշները: Մեր հարևան պետություններից Ադրբեջանում կանայք կազմում են խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 11.3 տոկոսը, Վրաստանում՝ 9.4 տոկոսը, Թուքիայում՝ 4.4 տոկոսը և Իրանում՝ 4.1 տոկոսը: Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված կանանց թվաքանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի կանանց թվաքանակը դարձել է զրոյական ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի կազմի (2.67 տոկոս կամ 4 կին) հետ համեմատած: Նվազումը կազմել է 2.67 տոկոս: Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված կանանց թվաքանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի կանանց թվաքանակը (12 կին) ավելացել է ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի կազմի (8 կին) հետ համեմատած, սակայն տոկոսային առումով (13.33 տոկոսը) նվազել է ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի կազմի (20 տոկոս) հետ համեմատած: Սակայն, ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի կազմի համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած կանայք բոլորը պատգամավորական մանդատները ստացել էին ընդամենը մեկ՝ «Շամիրամ» հասարակական քաղաքական կազմակերպության ընտրացուցակով, իսկ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի կազմի համամասնական ցուցակով պատգամավորական մանդատ ստացած կանայք այդ մանդատները ստացել էին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգություն» կուսակցության և ՕԵԿ-ի ընտրացուցակներով:
Ստորև ներկայացվում է Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր գումարումների խորհրդարանների գենդերային վերլուծության սխեմատիկ պատկերը:
ՀՀ խորհրդարանները Պատգ. ընդհ. քանակը ՄԵծամասն. համակարգ Համամասն. համակարգ Կին պատգ. ընդհ. քանակը Մեծամ. ընտր. ընտ. կին պատ. քանակը Համամ. ընտր. ընտ. կին պատ. քանակը
1990թ.-ի ՀՀ 1-ին գումարման Գերագույն խորհուրդ 260 260 0 9/3.46% 9/3.46% 0
1995թ.-ի ՀՀ 1-ին գումարման Ազգային ժողով 190 150 40 12/6.32% 4/2.67% 8/20%
1999թ.-ի ՀՀ 2-րդ գումարման Ազգային ժողով 131 75 56 4/3.05% 1/1.33% 3/5.36%
2003թ.-ի ՀՀ 3-րդ գումարման Ազգային ժողով 131 56 75 7/5.34% 1/1.79% 6/8%
2007թ.-ի ՀՀ 4-րդ գումարման Ազգային ժողով 131 41 90 12/9.16% 0 12/13.33%
ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակներում առկա են ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի «…ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տաuներորդը պետք է լինի կին» պահանջի բազմաթիվ խախտումներ, քանի որ կուսակցությունները և ՀՀ կենտրոնական հանձնաժողովը սխալ են ընկալել, մեկնաբանել և կիրառել օրենքի վերոհիշյալ դրույթի պահանջը: Օրենքը պահանջում է, որ եթե կուսակցության համամասնական ցուցակում, օրինակ, կինը հինգերորդ համարն է զբաղեցնում, ապա հաջորդ կինը պետք է զբաղեցնի առնվազն տասնհինգերորդ համարը, անկախ այն հանգամանքից, թե այդ ցուցակում, բացի հինգերորդ համարը զբաղեցնողից, կին է նաև, օրինակ, երրորդ համարը զբաղեցնողը:
Անդրադառնալով կառավարությունում և ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության խնդրին՝ պետք է նշել, որ ՀՀ 16 նախարարներից միայն մեկն է կին՝ մշակույթի նախարարը կամ նախարարների ընդհանուր թվի 6.25 տոկոսը, իսկ 926 քաղաքապետերից և գյուղապետերից միայն 16-ն են կանայք կամ դրանց ընդհանուր թվի 1.73 տոկոսը:
Ինչպես ցույց են տալիս վերը նշված տվյալները՝ գենդերային անհամաչափությունը ակնհայտորեն արտահայտվում է օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգերում կանանց ներկայացուցչության մակարդակի նվազումով: Կանանց ընդունակությունների ու պատրաստվածության օբյեկտիվ գնահատականը վկայում է, որ հաճախակի ունենալով ավելի բարձր կրթություն, քան տղամարդիկ՝ կանայք լիարժեքորեն չեն տիրապետում ընտրական տեխնոլոգիաներին, չունեն հատուկ գիտելիքներ քաղաքագիտության, պետական կառավարման և իրավունքի բնագավառներում: Այստեղ տեղին է նշել, որ այս ամենի մեջ իր մեղքի բաժինը ունի նաև հայաստանում կանանց շարժման մասնատվածությունը:
ՀՀ կառավարման բուրգի ներկայիս իրավիճակը չի արտացոլում հասարակական ուժերի իրական պատկերը, կանանց և տղամարդկանց նոր դերակատարումները, հասարակության, պետության, ընտանիքի գործերի վրա ազդելու կանանց հնարավորությունները, ինչպես նաև թույլ չի տալիս ապահովել հասարակության զարգացման և ժողովրդավարացման ճիշտ սոցիալական կողմնորոշում: Փաստորեն՝ ՀՀ 52 տոկոս մեծամասնությունը որոշում կայացնելու գործընթացում ունի ընդամենը ինը տոկոս ներկայացվածություն:
Ելնելով վերոհիշյալ վերլուծությունից, տղամարդկանց ու կանանց միջև փաuտական իրավահավաuարության uահմանման արագացմանն ուղղված ժամանակավոր հատուկ միջոցների ընդունման և օրենսդրության գենդերային զգայունությունը բարձրացնելու միջազգային փորձից՝ ՀՀ Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասը անհրաժեշտ է շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Յուրաքանչյուր կուuակցություն իրավունք ունի առաջադրել պատգամավորության թեկնածուների միայն մեկ ցուցակ: Կուuակցությունների դաշինքում ընդգրկված կուuակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրել: Ազգային ժողովի՝ համամաuնական ընտրակարգով կուuակցության (կուuակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական ցուցակում միևնույն սեռի ներկայացուցիչներ կարող են լինել թեկնածուների ընդհանուր թվի 70 տոկոսից ոչ ավելին, ընդ որում, ընտրական ցուցակի յուրաքանչյուր տասնյակում: Համամաuնական ընտրակարգով կուuակցության ներկայացրած ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև անկուuակցականներ» , իսկ նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ի մասում անհրաժեշտ է ավելացնել նոր՝ 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կուuակցությունը (կուuակցությունների դաշինքը) խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները»: Այս ամենը թույլ կտա երկրի խորհրդարանում ավելացնել կանանց ներկայացվածությունը, իսկ ընտրական օրենսգրքի պահանջները չկատարող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը կմերժվի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել