Ժուսուպ Բալասագինի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտը ուսուցում է իրականացնում նաև հեռավար եղանակով

Ժուսուպ Բալասագինի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի իրավաբանական ինստիտուտը իրավագիտության ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման առաջատար կենտրոն է, որն ուսուցում է իրականացնում նաև հեռավար եղանակով:

Ղրղզստանում բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող մասնագետների պատրաստումը սկսվել է դեռևս 1953 թվականից, երբ Ղրղզստանի պետական համալսարանի պատմաիրավաբանական ֆակուլտետում առկա էր միայն պետական իրավունքի ամբիոնը:

1999թ. իրավաբանական ֆակուլտետը վերափոխվեց Իրավաբանական իսնտիտուտի, որը 2010թ. ձեռք է բերել ինքնուրույն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ներկայումս Իրավաբանական ինստիտուտում սովորում է ավելի քան 4000 ուսանող ոչ միայն Ղրղզստանից, այլ նաև արտասահմանյան երկրներից (Տաջիկիստան, Թուրքմենիստան, Ղազախստան, Ռուսաստան, Կորեա, Չինաստան):

Ինստիտուտի շրջանավարտները զբաղեցրել են և շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ պետական ատյաններում՝ Սահմանադրական դատարանի նախագահի, Զինվորական դատարանի նախագահի, Գլխավոր դատախազի, Ներքին գործերի նախարարի, Գերագույն դատարանի, արդարադատության նախարարի և այլ պաշտոններ:

Իրավաբանական ինստիտուտում գործում են հետևյալ ամբիոնները. վարչական իրավունքի, քաղաքացիական իրավունքի և դատավարության, ձեռնարկատիրական իրավունքի, սահմանադրական իրավունքի, պետության և իրավունքի տեսության և իրավունքի, աշխատանքային, հողային և բնապահպանական իրավունքի, քրեական դատավարության և քրեագիտության, քրեական իրավունքի և քրեաբանության, լեզուների:

Ինստիտուտի կազմում գործում է նաև գիտության նորարարության և պետական լեզվի կենտրոնը, միջազգային կապերի և մարկետինգի բաժինը, ուսանողական սենատը, բնապահպանաիրավական հետազոտությունների կենտրոնը, կարիերայի կենտրոնը, 2 իրավաբանական կլինիկա:

Ինստիտուտը նաև ունի համակարգչային լսարաններ, 17.000 հատոր գիրք ունեցող գրադարան և զինված է ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայով:
Ինստիտուտում լավ հիմքերի վրա է դրված նաև ուսանողների հանգստի և ժամանցի կազմակերպումը: Այսպես, գործում է ուրախների և հնարամիտների ակումբը, մարզական սեկցիաները: Ինստիտուտում պարբերաբար կազմկերպվում են սպորտային միջոցառումներ:

Որոշ ուսանողներ տարբեր սպորտաձևերից դարձել են աշխարհի, Ասիայի առաջնությունների մեդալակիրներ: Յուրաքանչյուր տարի Ինստիտուտում անցկացվում են «Տարվա զույգ», «Միսս ինստիտուտ», «Իրավաբանական ինստիտուտի տնօրենի գավաթ» մրցույթները, կազմակերպվում են համերգներ:

Ամռանը ուսանողները հնարավորություն ունեն ուսանողական ուղեգրերով հանգստանալ Իսսիկ-Կուլ լճի ափին գտնվող «Համալսարան» հանգստյան տանը:

Մարատ Ատովմյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել