Հակակոռուպցիոն թեմայով կվերապատրաստվեն Շիրակի մարզպետարանի 15 ներկայացուցիչներ

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը շնորհավորեց Արթուր Խաչատրյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշակվելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ պաշտոնավարում:

Հանդիպման ընթացքում Արթուր Խաչատրյանը կարևորեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը մարզային հիմնախնդիրների լուծման և փաստերի հիման վրա հանրային քաղաքականությունների մշակման գործում` շետելով մարզպետարան-ՔՀԿ-ներ կառուցողական և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Կարեն Զադոյանը ներկայացրեց Եվրոպական Միության կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում իրականացվելիք աշխատանքները` նշելով, որ ներկայումս մարզի ՀԿ-ներին տրամադրվում է անվճար իրավաբանական աջակցություն «Հասարակական Կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին դրանց գործունեությունը, այդ թվում կանոնադրություները համապատասխանեցնելու նպատակով: Շարունակելով` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը ներկայացրեց, որ ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում նախատեսվում է հիմնադրել ՔՀԿ-ների ինկուբատոր, որը 10 ՀԿ-ների կտրամադրի պրակտիկ գիտելիքներ և հմտություններ փաստերի հիման վրա հանրային քաղաքականություների մշակման, հանրային վերահսկողության իրականացման, ՔՀԿ-ների կոալիցիաներ/ցանցեր կառուցելու, ինչպես նաև կառավարության և ՏԻՄ-երի հետ կառուցողական և կայուն երկխոսություն իրականացնելու ՀԿ-ների կարողությունները զարգացնելու նպատակով: Նախատեսվում է, որ ՔՀԿ-ների ինկուբատորների շրջանավարտ ՀԿ-ներին ծրագրի շրջանակներում մրցութային հիմունքներով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ:

Այնուհետև կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության վերաբերյալ: Շիրակի մարզպետը շեշտեց հանրային ծառայողների հակակոռուպցիոն շարունակական վերապատրաստման անհրաժեշտությունը` ներկայացնելով, որ մարզպետարանը այս հարցում նույնպես բաց է մասնագիտական ՔՀԿ-ների հետ համագործակցության առումով:

Կարեն Զադոյանը ներկայացրեց, որ Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան Գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը և Իրավաբանների հայկական ասոցիացիան հաջորդ շաբաթվանից արդեն պլանավորել են Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի  և Սյունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում իրականացնել 200 հանրային ծառայողների բարեխղճության և հակակաոռուպցիոն թեմաներով վերապատրաստումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայամանավորվեցին օգոստոսի 21-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային գրասենյակում կազմակերպել Շիրակի մարզպետարանի 15 քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վիկտորիա Եղոյանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել