Մարդիկ վախենում են ասեն, թե իրենք ինչ են արել. ցմահ դատապարտյալ՝ Աշոտ Մանուկյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սենյակներից մեկում սպասում ենք ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին: Քիչ անց դռների արանքում երևում է Աշոտը՝ բարձրահասակ, նիհարավուն կազմվածքով: Մի պահ կանգնեց դռան մոտ, չգիտեմ՝ ինչ էր մտածում, բայց ներս եկավ արդեն հստակ քայլերով, հատ առ հատ բարևեց ներսում գտնվողներին ու նստեց իրեն հատկացված վայրում՝ հեղինակած «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ…» գրքերի ետևում:

«Ո՞վ կմտածեր, որ առավոտյան պիտի վիճեինք, պիտի տեղի ունենար սարսափելին և 1996 թ.-ի փետրվարի 23-ը լինելու էր 4 երիտասարդի համար ողբերգական և դաժան մի օր, որը ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պիտի հիշեմ սրտի կսկիծով, ամբողջ մարմնովս սարսուռ պիտի անցնի և չկարողանամ գտնել մեկ բառի, շատ հասարակ բառի պատասխանը՝ ինչու՞… ու՞մ կարող ես բացատրել, կամ ո՞վ կհասկանա, կամ ի՞նչ բացատրես, ինչպե՞ս…»,-գրում է Աշոտը:

Անհեթեթ վեճի պատճառով Աշոտ Մանուկյանը սպանել է երեք զինծառայողների: Անհեթեթ, քանի որ ինչպես նա ընդգծեց՝ սարսափելի է տեսնել, թե ինչպես են մի փոքր վեճից կյանքեր կործանվում:

Մանուկյանը 1996 թվականին իր գործած հանցանքի համար, որն ինքն ընդունել է, դատապարտվել է մահապատժի:

Ճաղերի հետևում անցկացրած 22 տարիներն ամփոփվել են 22 էջանոց գրքույկում: Այն, ի սկզբանե գրված գրքի կրճատ տարբերակն էր, որն ըստ պայմանավորվածության կտրամադրվի նաև զորամասերին, որպեսզի զինվորները նույնպես կարողանան կարդալ այն:

«1994 թվականի նոյեմբերին զորակոչվեցի նորաստեղծ Հայկական զինված ուժերում ծառայելու: …Առաջին ամիսներին շատ էին լինում վեճեր, միջանձնային հարաբերությունների պարզաբանումներ, բայց այսպիսի դեպքերում երբեք չես մտածում, որ ցանկացած վիճաբանություն կարող է ողբերգական ավարտ ունենալ, ինչպես որ եղել է զինվորական ծառայության ժամանակ կատարված սպանությունների գերակշիռ մեծամասնությունների դեպքում»,-գրում է Աշոտը:

Աշոտի խոսքով պատմությունը փորձել է հնարավորինս կրճատել, քանի որ վստահ չէր, թե երկար գրվածքները շատ զիվորներ կկարդան:

«Այս գրքով ես ցանկանում եմ մի բան ասել, որ շատ վատ բան է կատարվել, ես դա գիտակցում եմ, որ երեք երիտասարդ կյանք է ընդհատվել: Ես չեմ ցանկանա, որ որևիցե մի ծնող ապրի այն, ինչ ապրել են այդ տղաների ծնողները, նաև իմ ծնողները: Ճիշտ է, ես դեռ կենդանի եմ, շնչում եմ…մի խոսքով»,-ասաց Մանուկյանը:

Նա կոչ արեց բոլոր զինվորներին՝ սիրով ու եղբայրաբար ծառայել և տուն վերդառնալ, ու ամեն չնչին խոսակցությունից վեճի չբռնկվել:

Նրա խոսքով, սեփական արարքի գիտակցումն  էլ մեծ խնդիր է ու պետք է ընկալել դա. «Մարդ պետք է այնքան ուժեղ լինի, որ գիտակցի իր արածը: Մարդիկ վախենում են ասեն, թե իրենք ինչ են արել: Ես որ մտածում եմ հիմա 18-20 տարեկան տղաներն այնպիսի չնչին բաների պատճառով են մահանում, սպանվում, որ ուղղակի սարսափելի է»,-ընդգծեց ցմահ դատապարտյալը:

Աշոտն արդեն 20 տարուց ավել է, ինչ գտնվում է ՔԿՀ-ում, որով և անցել է պայմանական ազատման ժամկետը: Նա հիմա հույս ունի, որ իր գործը կվերաբացվի, ու նա ազատ կարձակվի: Այժմ էլ ցանկություն ունի կրթությունը շարունակել, բուհ է դիմել: 

Նշենք նաև, որ փոքրիկ միջոցառմանը, որին դատապարտյալն էլ շատ էր սպասել, ներկա էին նաև ՔԿՀ ամեն շաբաթ այցելող Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ԱՆ ՔԿՎ սոցիալ-հոգեբանական-իրավական բաժնի ղեկավար Ռոման Ալավերդյանը և այլ աշխատակիցներ:

Տեր Գրիգորն իր խոսքում նշեց, որ հանցագործը եղել է 22-23 տարի առաջ հանցանք գործած մարդը, իսկ հիմա, նա զղջացել է իր արարքի համար, մարդասպանը 22 տարի առաջ էր:

Ալիսա Չիլինգարյան 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել