Հայաստանում ազատ տնտեսական մրցակցության խնդիրների մասին խոսելիս առաջին հերթին մատնացույց են արվում շաքարի և բանանի շուկաները։ Երերք տարբեր պաշտոնական աղբյուրներից հավաքագրել և վերլուծել ենք այս երկու շուկաներում առկա իրավիճակը։
Այսպես, երևանյան խանութներում ներկայումս շաքարավազի 1 կիլոգրամի արժեքը տատանվում է 400 դրամի սահմաններում: Վերջին տարիներին, պաշտոնական տվյալներով, ամենաէժան գինը եղել է 2015 թվականին՝ 350,2 դրամ, իսկ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում գինն էականորեն բարձրացրել է՝ 402,9 դրամ:
Հայաստանում շաքարի պահանջարկը բավարարվում է հիմնականում ներկրումների միջոցով: Ներկրվում է ինչպես պատրաստի շաքար և շաքարավազ, այնպես էլ շաքարի հումք: Եվ եթե պատրաստի արտադրանքը ներկրվում է պաշտոնապես մի քանի ընկերության կողմից, ապա շաքարի հումքի դեպքում մենաշնորհային դիրքում է «Ալեքս գրիգ» ՍՊ ընկերությունը:
Պետական եկամուտների կոմիտեից կողմից Իրավաբան.net-ին տրամադրված տվյալների համաձայն՝ «Ալեքս գրիգ» ընկերության կողմից շաքարի հումք ներկրվում է միայն Բրազիլիայից: 2013 թվականին ներկրվել է 74,781.1 տոննա շաքարի հումք, 2014-ին՝ 93,801.9 տոննա, 2015-ին՝ 56,380.0 տոննա, 2016-ին՝ 57,910.0 տոննա, իսկ 2017-ի առաջին եռամսյակում՝ 23,122.1 տոննա:
Պատրաստի շաքարի/շաքարավազի ներկրման ծավալներն անհամեմատելիորեն նվազ են. 2013-ին ներկրվել է 4,993.3 տոննա, 2014-ին՝ 6,434.4 տոննա, 2015-ին՝ 5,274.9 տոննա, 2016-ին՝ 3,644.1 տոննա, իսկ 2017-ի առաջին եռամսյակում՝ 8,466.3 տոննա շաքար:
Աստղիկ Կարապետյան