Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի դատաքննության ընթացքում հիշատակվեց «31-ի» գործի մասին

Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով այսօր դատական նիստը կայացավ։ Այս տարվա հունվար ամսից մեկնարկած դատաքննության ողջ փուլում միայն այսօր հնարավոր եղավ ամբաստանյալներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անցնել մյուս ընթացակարգերին։

Դատական նիստին ընթացքում գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց ոչ միայն գործի վարույթից հեռացնել դատավորին, այլ նաև երկու ամբաստանյալների պաշտպաններին։

Նախ պաշտպանների մասին՝ պարոն Ալումյանը միջնորդեց գործի վարույթից հեռացնել Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանին և Անտոն Դիկրան Թոթոնջյանի պաշտպան Սիրուշ Աղվայանին։ Նա պարզաբանեց, որ նախաքննության փուլում նրանք երկուսով պաշտպանել են երկու տարբեր մեղադրյալների, որոնց ցուցմունքները մշտապես հակասել են իրար, իսկ քրեական դատավարության օրենսգիրքը արգելում է փաստաբանին գործողություններ իրականացնել իր վստահորիդ դեմ։

Այս միջնորդության ընթացքում հետաքրքիր փաստեր ի հայտ եկան, Հայկ Ալումյանը մեջբերումներ արեց նախաքննական ցուցմունքներից․ «Թոթոնջյանը պատմել է՝ «Արթուրն ասաց, որ հեղաշրջումը Հայաստանում պատկերացնում է, որ պետք է կատարվի թեկուզ սպանությունների միջոցով», այս նույն ժամանակաշրջանում Արթուր Վարդանյանը ցուցմունք է տալիս, որ ինքը երբևէ նման մտադրություն չի ունեցել ու մեկին հայտնել»։ Թոթոնջյանի մեկ այլ ցուցմունքում հիշատակվում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը․ «Թոթոնջյանը նշել է․ «Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը ինչ ուժերով և ինչ եղանակով է կատարվելու, նա իր ծրագրերի մասին ինձ մանրամասներ տեղյակ չի պահել, միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի և օրվա իրավիճակից ելնելով՝ պետք է կողմնորոշվի որոշում կայացնի և գործի», իշխանափոխությունը կա՛մ պետք է տեղի ունենա Օհանյանի համաձայնությամբ, և՛ բանակի ուժով՝ նախագահի հրաժարականը ստիպելով, կա՛մ Արթուր Վարդանյանը իր խմբերով զենքի սպառնալիքով և այլն»,- ըստ փաստաբանի նույն փուլում Արթուր Վարդանյանը հերքել է այդ մեղադրանքները։

Դատական նիստի ընթացքում փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ նախաքննության փուլում, զգալով՝ այդ ժամանակ իր պաշտպանյալ Թոթոնջյանի խոսքերում հակասություններ, հրաժարվել է նրա իրավունքները պաշտպանելուց։

Դատավորը որոշում կայացնելու համար 5 րոպե ընդմիջում հայտարարեց, վերդառնալով հետաքրքրվեց ամբաստանյալներից, թե իրենք հրաժարվում են երկու փաստաբանների ծառայություններից, երկուսն էլ ասացին, որ գոհ են իրենց պաշտպաններից և նման մտադրություն չունեն։ Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց փաստաբան Ալումյանի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես հիմք հանդիսանում է հենց պաշտպանյալի ցանկությունը։

Ինչ վերաբերում է դատավորի ինքնաբացարկին, ապա նրան դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ինչպես Հայկ Ալումյանն, այնպես էլ նրա պաշտպանյալը՝ Վահամ Շիրխանյանը։

Մինչև միջնորդություն ներկայացնելը պարոն Ալումյանը դատավորին հայտնեց, որ իր վստահորդը ցանկանում նրա անձի հետ կապված որոշ տվյալներ ճշտի․ «Դուք Դաշնակցության հետ որևէ կապ ունե՞ք կամ ունեցե՞լ եք, անդամությո՞ւն ունեցել եք»,- հետաքրքրվեց պարոն Շիրխանյանը, դատավորը պատասխանեց, թե ոչ մի կապ չունի, ամբաստանյալի հիշեցրեց, որ 1991թ․-ին Բուլղարիայում Արմեն Բեկթաշյանը մասնակցել է Դաշնակցության հավաքներին, այնուհետև մասնակցել է Արցախյանի պատերազմին՝ դաշնակցական ջոկատում․ «Եվ դաշնակցակա՞ն չեք»,- եղավ հաջորդ հարցը, պատասխանը նույնն էր՝ «Ոչ»։

Հայկ Ալումյանը պարզաբանեց իր պաշտպանյալի հարցերը՝ հիշեցնելով «31»-ի գործը, որի մասին դատավորը չգիտեր․ «Դա հանրապետությունում հայտնի գործ է՝ կապված 31 դաշնակցականների հետ։ Այդ գործով անցնում էր, որ դաշնակցականները ֆիզիկապես վերացնելու անձանց ցուցակ ունեին, այնտեղ պարոն Շիրխանյանը 22-րդն էր՝ որպես լիկվիդացիայի ենթակա անձ։ Պարոն Շիրխանյանին հետաքրքրում էր, եթե Դուք դաշնակցությանը համակրում եք, ուրեմն ինքն ունի ողջամիտ պատճառներ ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու։ Ուզում էր նաև ճշտել, որ երբ այդ տարիներին ցուցակը կազմվում էր, Դուք կապ ունեք հետ»,- նշեց փաստաբանը․ «Ոչ կապ չունեմ, և ես մասնակցել եմ Արցախի ազատագրմանը առաջին վաշտի կազմում»,- արձագանեց պարոն Բեկթաշյանը։

Այդուհանդերձ, պարոն Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը դատավորը մերժեց և շարունակեց նիստը։ Նա կողմերին բացատրեց իրենց իրավունքները, անձնական տվյալներ ճշտեց, երբ պարոն Շիրխանյանին հարցրեց, թե արդյոք նրան պա՞րզ են իր իրավունքներն ու պարտականությունները, ամբաստանյալն արձագանքեց․ «Իրավունք չունենք, պարտականությունները հասկանալի են, իրավունք ո՞վ ունի այս երկրում»։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 20 անձի։

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Իսկ Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել