Կարեն Զադոյանը հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավորների հետ

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը այսօր՝ հունիսի 5-ին հանդիպում ունեցավ «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ։ «Ելք»-ից հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը և Մանե Թանդիլյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին օրենքը և հարակից իրավական ակտերը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը պատրաստվում է հունիսի 7-ին արտահերթ նիստ անցկացնել՝ օրակարգային առաջին հարցով քննարկելով վերոնշյալ նախագիծն ու իրավական այլ ակտեր, այդ թվում՝ Ազդարարման համակարգի մասին նոր օրենքը։

Կարեն Զադոյանը կարևորելով երկրում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ թվում հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը` «Ելք» խմբակցության պատգամավորներին հակակոռուպցիոն անկախ մարմնի մասով ներկայացրել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի տեսակետներն ու մտահոգությունները, որից հետո իրավական ակտերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Պարոն Զադոյանը հայտնել է, որ վերոնշյալ իրավական ակտերը ի սկզբանե ձևավորվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկով։ Նրա խոսքերով՝ վարչապետի ղեկավարությամբ գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և իշխանությունների համատեղ աշխատանքի արդյունքում ներկայացվել է անկախ հակակոռուպցիոն մարմնի երկու մոդել՝ ունիվերսալ և կանխարգելիչ, սակայն հետագայում ՀՀ Նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խմբի կողմից ընդունվել է կանխարգելիչ մոդելը:

ԻՀԱ ղեկավարի փոխանցմամբ՝ ունիվերսալ մոդելն ունի երեք գործառույթ՝ կանխարգելիչ, կրթական և քննչական, մինչդեռ կանխարգելիչը իրականացնում է միայն կրթական և կանխարգելիչ գործառույթներ։

Քննարկման ընթացքում կողմերը համաձայնության են եկել համատեղ աշխատանքները շարունակական դարձնել։

Նկատենք, որ «Ելք» կուսակցությունների դաշինքն ի սկզբանե կողմ է եղել ունիվերսալ մոդելին․  «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կլուծարվի, և կստեղծվի անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին»,- նման դրույթ է ամրագրվել դաշինի նախընտրական ծրագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել