Սոցիալական ձեռնարկատիրությունը նոր երևույթ է Հայաստանում։ Ձեռնարկատիրության այս ոլորտը, որը մեծապես ուղղված է հանրության շահերի սպասարկմանը, դեռ օրենսդրորեն ամրագրված հիմքեր չունի, իսկ պրակտիկան ձևավորված չէ։
Այս և այլ խնդիրների, ինչպես նաև կոալիցիաների ձևավորման ու դրանց կայունության ապահովման նպատակով այսօր տեղի ունեցավ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հերթական Ֆոկուս խմբի հերթական հանդիպումը` Սոցիալական ձեռներցության կոալիցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծրագրի՝ ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը, ներկայացնելով նախաձեռնությունն, ասաց, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը միտված է ՔՀԿ-ների ու կոալիցիաների կարողությունների զարգացմանը։ Այն իրականացվելու է 9 թիրախային ոլորտներում․ «Այդ ոլորտներից երեքը մենք արդեն ընտրել ենք, դրանք արդարադատություն, կրթություն և բիզնեսն են, բիզնեսի մեջ հասկանում ենք հարկային, մաքսային ոլորտները, լիցենզիաները և ազատ մրցակցությունը, մյուս վեց ոլորտներն արդեն պետք է վեր հանենք ու հասկանանք»,- նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։
Այս ծրագրի շրջանակներում նաև իրականացվելու են ուսուցումներ՝ մասնագիտացված բուհի կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա, ուսուցումները լինելու են մարզերում և Երևանում, մարզերում կստեղծվեն ինկուբատորներ, բացի տեղական փորձագետներից, ՀԿ ներկայացուցիչների հետ իրենց գիտելիքներով ու փորձով կկիսվեն նաև Չեխիայի մասնագետները․ «Մարզերում, հավանաբար, «skype»-ով կանցկացվեն քննարկումներ և ուսուցումներ Երևանի և Չեխիայի փորձագետների կողմից, Չեխիայի մեր գործընկերներն ներկայացնելու են իրենց փորձը, Չեխիան բավականին լավ փորձ ունի այս ասպարեզում, բացի դրանից որոշակի գրաֆիկով այն կազմակերպությունները, որոնք կարիք ունեն գրասենյակային տարածքից օգտվելու, կունենան այդ հնարավորությունը»,- ասաց ինկուբատորների աշխատանքը համակարգող փորձագետ Մարատ Ատովմյանը։
Ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրվել ծրագրի ընթացքում, ի՞նչ խնդիրներ կան սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում և ինչպե՞ս ապահովել կոալիցիաների կայունությունը, հարցերի պատասխանը կգտնեք տեսանյութում։
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան
Իրավաբան.net