ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք:
Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի (բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու անդամների) թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ:
Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է ընտրություններին մասնակցող կուսակցության անվանումը, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները: