Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net-ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում իր առաջարկություններն է ներկայացրել փաստաբան Կարապետ Աղաջանյանը.
-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
-Ես առանձնահատուկ բարձր եմ գնահատում փաստաբանի կոչմանը բնորոշ անկախությունը և մասնագիտական հեղինակությունը: Դրանից ելնելով և համոզված լինելով իմ՝ որպես փաստաբանի, անկախ լինելուն՝ չեմ ցանկանում ներկայացնել որևէ նախընտրական ծրագիր, որը հետագայում կարող է այս կամ այն ձևով սահմանափակել որպես խորհրդի անդամի օբյեկտիվ և անկախ կարգավիճակը՝ կաշկանդելով ինձ նախօրոք ներկայացրած ծրագրի կամ խոստումների անպայման իրականացնելու պարտականությամբ:
Նշեմ, որ խորհրդի գործունեության ոլորտը սահմանված է «Փաստաբանությամ մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով, որտեղ հստակ նշվում է, որ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է: Հավելեմ, որ որպես խորհրդի անդամի թեկնածու նախըտրական ծրագրի իրականացման մեխանիզմները սահմանափակված են խորհրդի անդամի իրավունքների ծավալով և անկախ կարգավիճակով:
Խիստ կարևորում եմ հասարակության շրջանում փաստաբանի նկատմամբ վստահության, հարգանքի և փաստաբանի մասնագիտական հեղինակության բարձրացումը: Գտնում եմ, որ փաստաբանների պալատը, որպես անկախ կառույց, իր գործառույթները արդար և թափանցիկ իրականացնելու արդյունքում միայն կարող է երաշխավորել և պաշտպանել փաստաբանների անկախությունը, որն իր հերթին կնպաստի փաստաբանի բարի համբավի ամրապնդմանը:
Գտնում եմ, որ Փաստաբանների Պալատը որդեգրել է վերը նշված սկզբունքների պահպանման, ամրապնդման և զարգացման քաղաքականություն, և ես որպես փաստաբան, ներկայիս խորհրդի անդամ և խորհրդի անդամի թեկնածու կոչված եմ այն պաշտպանել:
-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Նշեմ, որ ձեր կողմից նշված ֆինանսական չարաշահումները եղել են Պալատի նախկին նախագահի պաշտոնավարման ընթացքում և ներկայիս գործող խորհուրդը, ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցներն այդ չարաշահումների փաստը հայտնաբերելու ուղղությամբ: Ներկայումս Պալատի նախկին նախագահ Ռ. Սահակյանի դիմումի համաձայն հարուցված է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, ուստի ղեկավարվելով անմեղության կանխավարկածով՝ զերծ կմնամ այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություններ ներկայացնելուց:
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Կարծում եմ, որ Փաստաբանների պալատի ֆինանսական միջոցները թափանցիկ և արդունավետ են օգտագործվում: Պալատի կողմից կատարված ծախսերի վերաբերյալ առկա են մանրամասն հաշվետվություններ, որն իր հերթին բացառում է չարաշահման երևույթի առկայությունը: