Իրավապահ մարմինները պետք է առանձին հակակոռուպցիոն հաշվետվություններ ներկայացնեն. Արփինե Հովհաննիսյան

Ճանապարհային ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձիք նույնպես մոտ ապագայում կներկայացնեն հայտարարագրեր:

Այս մասին, այսօր՝ պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Այսպիսով՝ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակն ընդլայնվում է՝ ընդգրկելով քաղաքացիների հետ մշտական և անմիջական շփում ունեցող օղակները. «Այն նախագծում, որ մենք նախատեսում ենք կան այն մարմինների պաշտոնատար անձիք, որոնց մատնանշեցիք»,- նշեց նախարարը:

Նախարարից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նա նպատակահարմա՞ր համարում է, որ կոռուպցիոն հանցագործություններ քննող իրավապահ մարմինները համապատասխան հաշվետվություններ ներկայացնեն, պատասխանեց, որ այս հանգամանքը նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում է. «Այն մարմինները, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում որևէ գործառույթ ունեն, դա կլինի ՔԿ-ն, դատախազությունը կամ ՀՔԾ-ն, բոլորը ներկայացնեն առանձին հաշվետվություն: Ասեմ, որ այս ուղղությամբ մենք քայլեր իրականացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի այս գաղափարը ևս ներառված է»,- նշեց նախարարը՝ պարզաբանելով. «Հարցն այն է, որ եթե մի մարմին իրականացնում է տարբեր գործառույթներ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարը, հաճախ առանձին հաշվետվություններ չներկայացնելիս կորում է դրա հանրային ազդեցիկությունը, հանրությանն ուղղված ազդակն ու հաշվետվողականությունը դառնում է ավելի տարածական, այսինքն՝ պետք է ոչ թե ասել, որ օրինակ՝ բացահայտվել է այսքան խոշտանգում, սպանություն և կոռուպցիոն հանցագործություններ, այլ բացառապես հանրությանը հաշվետվություն ներկայացվի այդ մասով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել