Հանրային քննարկում՝ նվիրված Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի նախագծին

Սեպտեմբերի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կայացավ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգի քննարկումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Դեյվիդ Գուլլետտը, ով նշեց, որ 2003 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումը արդեն իսկ մեծ առաջընթաց է Հայաստանի համար, սակայն այն պետք է համահունչ գործի թվային տեխնիկայի արդի պահանջներին:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ ստեղծում են այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն կտան լսելի դարձնել քաղաքացու ձայնը և թույլ կտան քաղաքացուն մասնակից դառնալ պետական կառավարման գործընթացներին:

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ՀՀ Արդարադատության նախարարության Օրենսդրական զարգացման և իրավական վերլուծությունների վարչության առաջին կարգի մասնագետ Էմիլ Մարգարյանը, ով ներկայացրեց հարցմամբ դիմելու յուրաքանչյուրի իրավունքի ապահովման վերաբերյալ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում առկա թերությունները:

Զեկույցով հանդես եկավ նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Մարիամ Այվազյանը: Նա անդրադարձավ տեղեկատվության ստացման համար վճարումների միջազգային փորձին, ՀՀ-ում նման վճարների վերացմանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի եւ անձի հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վերաբերյալ կատարվող քայլերը: Զեկուցողը անդրադարձավ նաև դատարանները բեռնաթափելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ազատության հանձնակատարի՝ օմբուդսմենի ինստիտուտի ներդրման կարևորությանը:

Նշենք, որ ավելի քան 12 տարի է՝ գործում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, սակայն օրենքի ընդունումից ի վեր ՏԱ օրենսդրության գործնական կիրառությունը ցույց է տալիս, որ առկա են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կիրառման հետ կապված խնդիրներ:

Զեկույցների ժամանակ նշվեց, որ իրավունքի պատշաճ կիրառման համար անհրաժեշտ է ստեղծել լիազոր մարմին, որը տեղեկատվության ազատության սկզբունքների, տեղեկատվության ազատության օրենսդրության, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայի վերլուծությունների հիման վրա կիրականացնի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում իրավունքի վերականգնումը, տեղեկատվության ազատության վիճակի գնահատումը եւ տեղեկատվության ազատության իրավունքի զարգացման ապահովումը, ինչպես նաեւ տեղեկատվության ազատության իրավունքի մասին իրազեկում, կրթում եւ խորհրդատվության տրամադրում: Տեղեկատվության ազատության ոլորտի լիազոր մարմինը տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտն է:

ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ Նարինե Ավագյանը, ով իր զեկուցում անդրադարձավ տեղեկատվության ազատության ոլորտում պատասխանատուների ինստիտուտի նեդրմանը:

Զեկույցներին հաջորդեցին հարց ու պատասխանները: Մասնակիցների կողմից հատկապես քննարկվեց գաղտիք համարվող տեղեկատվության գաղտնազերծման կարգն ու ժամկետները, տվյալ ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման տարբերակները:

Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը կարող եք տեսնել հետևյալ հղմամբ :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել