Քիչ առաջ Խորենացի փողոցում լրատվամիջոցների հետ բրիֆինգի ժամանակ Երևանի ավագնու անդամ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը և Արթուր անունով ևս մեկ ակտիվիստ պատմեցին, թե ինչպես են ոստիկաններն իրենց խոշտանգել ու նվաստացրել բերման ենթարկելու ընթացքում և հետո
մինչ ազատ արձակելը:
Դավիթ Սանասարյանը պատմեց, որ Ազատության հրապարակում երբ հայտարարել է, որ պետք է երթով շարժվեն Խորենացու փողոց, որտեղ գտնվում է զինված խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գունդը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իրեն մի կողմ է կանչել և ասել, թե չեն գնալու: Ի պատասխան ինքն ասել է, որ որոշողը իրենք են: Փորձել են բանակցել, Սանսարյանը պահանջել է հեռուստաընկերությամբ ուղիղ եթեր, սակայն պահանջը մերժվել է:
Այնուհետև երբ Դավիթը լրագրողներին հարցազրույց է տալիս եղել, ոստիկանները մոտեցել ու բռնի ուժով տարել են, մտցրել մեքենան: Այդ պահին նա գլուխը դուրս է բերել ու նորից կոչ արել դեպի Խորենացու փողոց շարժվել: Եվ այդ պահին կարմիրբերետավորներից մեկը հարվածքել է դեմքին. «Աչքերիցս կայծ թռան: Դա աննախադեպ գազանություն էր, սկսեցին երեքիս, ովքեր մեքենայում էինք, հարվածել, ամբողջ ժամանակ հայհոյում էին, երևի մի 15 անգամ բռունցքով գլխիս են խփել: Մեքենայից հանեցին դուրս ու ուղղակի կրունկով խփեցին գլխիս: Ասում էին` այսուհետ չի լինելու էն, ինչը եղել է նախկինում»:
Դավիթի ինքզգացողությունը կտրուկ վատացել է, երբ մյուս բերման ենթարկվածներն ասել են, որ օգնություն է պետք, կարմիրբերետավորները պատասխանել են, թե «ձևեր» է թափում, սակայն երբ զգացել են որ արյան ճշնումն ու սրտի զարկերը անկանոն են, բժիշկ են կանչել.
«Ձեռքերս կապված ժամանակ էլ էին խփում: Ծաղրում էին, թե վախից են սրանք էս օրին ընկել: Դա զորամասի սպորտդահլիճում էր: Երբ բժիշկը եկավ, առաջարկեց հիվանդանոց տեղափոխել, նրան դիտավորյալ մի կողմ կանչեցին ու մի 15 րոպե առանձնացրեին, երբ նա պետք է մեզ օգնություն ցուցաբերեր: … Ես սրա մասին չէի ուզում ասել, բայց ընկերս արդեն ասել է. երբ ձեռնաշղթայնված եմ եղել, թքել են վրաս: Մենք սա էսպես չենք թողնելու: Փուչիկը, թե ոստիկանները բարեփոխված են , պայթեցնելու են, պետք է ասենք, որ նրանք գազաններ են»,- ասաց Դավիթը:
Արթուրը պատմեց, որ այդ ամբողջ ժամանակ հիմնական հարվածները ստացել են Դավիթն ու Անդրանիկ Ասլանյանը. «Միտումնավոր էին անում, որ անտանելի ցավ զգայիր: Բարոյապես էին նվաստացնում: Սա ոստիկանության ամոթն էր: Ամեն կերպ փորձում էին կոտրել, բայց չենք կոտրվելու»: