Պետական դավաճանության գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Արամ Արամյանը մեղադրական ճառով է հանդես եկել և միջնորդել Ռաֆիկ Պապոյանին դատապարտել 15 տարվա, Կարինե Ղումաշյանին 14.5 տարվա, իսկ Սերգեյ Պապոյանին` 14 տարվա ազատազրկման:
Այսօրվա դատական նիստին Կարինե Ղումաշյանը հրաժարվեց իր հանրային պաշտպանից և հայտնեց, որ իր շահերը կպաշտպանի ինքնուրույն:
Ռաֆիկ Պապոյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը պաշտպանական իր ճառում նշեց, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակվել. նա Թուրքիա մեկնել է արտագնա աշխատանքի և 2013 թվականին, երբ աշխատանք չի ունեցել և օգնության կարիք է ունեցել, մի հայ տղայի միջոցով ծանոթացել է ոմն Էրիկի (Սեյրան) հետ, ով ներկայացել է ամերիկացի հայ բերարար և առաջին հանդիպմանն էլ հենց դրամական օգնություն է տրամադրել:
Եվ իր դպրոցական ընկերուհի Կարինե Ղումաշյանին ու Սեյրանին ծանոթացրել է նույն նպատակով, որպեսզի Սեյրանն օգնության ձեռք մեկներ նաև Կարինեին, ով դժվար կացության մեջ էր օտարության մեջ: Ըստ պաշտպանի, Ռաֆիկը վստահ է եղել, որ Սեյրանը ամերիկահայ բարերար է, և միայն այն բանից հետո, երբ Սեյրանը ցույց է տվել իր ընտանիքի անդամների լուսանկարներն ու սպառնացել, թե կսպանի, կասկածել է, որ ԱՄՆ-ի համար է նա լրտեսություն անում:
Պաշտպանը միջնորդեց դատարանին` արդարացման դատական ակտ կայացնել: Միևնույն ժամանակ նշելով, որ եթե դատարանը, այնուամենայնիվ, հաստատված կհամարի նրա մեղավորությունը, ապա մեղմ պատիժ նշանակի, քանի որ մեղադրողի կողմից միջնորդված պատիժը չափացանզ խիստ է:
Սերգեյ Պապոյանի պաշտպան Սուրեն Մնացականյանը նույնպես միջնորդեց արդացման դատական ակտ կայացնել, քանի որ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում: Նրա խոսքով, Սերգեյ Պապոյանի մեղադրանքի հիմքում բացառապես հենց իր ցուցմունքներն են, որոնք էլ վկայում են նրա անմեղության մասին, իսկ եթե կան չփարատված կասկածներ, ապա դրանք պետք է կմեկնաբնվեն ի օգուտ ամբաստանյալի:
Մասնավորապես, Սերգեյ Պապոյանը ցուցմունք է տվել, որ խուսափել է շփվել նույնիսկ հոր հետ, ում միջոցով Սեյրանը պահանջում էր իրեն Ստամբուլ գնալ և չի կատարել Սեյրանի պահանջը նույնիսկ այն դեպքում, երբ սպառնացել է վերացնել իր ընտանիքի անդամներին:
Սերգեյ Պապոյանը միանալով իր պաշտպանի ելույթին, միայն հավելեց, որ ինքը Վանաձորի զորամասում որպես պայմանագրային զինծառայող է ներգրավվել ոչ թե Սեյրանի պահանջը կատարելու համար (ի դեպ, Սեյրանը պահանջել էր, որ նա Մատաղիսի զորամասում զինվորագրվեր), այլ աշխատանք չի ունեցել և պետք է ընտանիքը ինչ-որ կերպ պահեր:
Կարինե Ղումաշյանը, որպես այդպիսին, պաշտպանական ճառ չասաց, նա միայն պնդեց, թե անմեղ է, ցանկացել է ընդամնեը իր անձնական կյանքը դասավորել և Հայաստան վերադառնալուց հետո ամուսնալուծվել է, որպեսզի վերադառնա և ամուսնանա Արմանի հետ (նույն Սեյրանի մասին է խոսքը): Եվ չէր էլ կարող իր երեխաներին խնդրի առջև կանգնեցնել, ինքը երեք որդի ունի, որոնցից մեկը ծառայում է բանակում, մյուսն էլ շուտով կանցնի ծառայության:
Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, ժամանակ տվեց Կարինե Ղումաշյանին պաշտպանական ճառի կազմելու համար և դատական նիստը հետաձգեց:
Նշենք, որ դատական նիստերի դահլիճում ամբաստանյալների հարազատներից միայն մի կին էր ներկա` Ռաֆիկ Պապոյանի մայրը, Սերգեյ Պապոյանի տատիկը: Նա նիստի ողջ ընթացքում հառաչում ու մղկտալով լաց էր լինում: Դատարանը խնդրեց կամ հեռանալ դահլիճից կամ զսպել հույզերը: