Ինչպիսի՞ բաժիններից է բաղկացած վարորդական վկայական ստանալու համար տեսական քննության հարցաշարը

Տեսական քննություններն անցկացվում են համակարգչային թեստերի միջոցով:

Յուրաքանչյուր թեստ բաղկացած է պատասխանի 2-5 տարբերակ պարունակող 10 հարցերից, ընդ որում, պատասխանների տարբերակներից ճիշտ է միայն մեկը:

Նախքան քննական սենյակ մտնելը` քննական մարմնի ծառայողն ստուգում է փաստաթղթերի առկայությունը, իսկ քննությունն սկսելուց առաջ` բացատրում քննության անցկացման կարգը:

Յուրաքանչյուր թեստի հարցերն ընտրվում են ճանապարհային ոստիկանության կողմից կազմված հարցաշարի տարբեր բաժիններից` համակարգչի պատահական ընտրության միջոցով: Հարցաշարը (փոփոխությունների դեպքում` նաև փոփոխությունները) կազմելուց հետո այն հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվության միջոցներով (այդ թվում` էլեկտրոնային):

Հարցաշարը բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) հարցեր «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից.

2) հարցեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշումից:

 Թեստի հարցերին պատասխանելու համար տրվում է 15 րոպե ժամանակ, որը լրանալուց հետո թեստի լրացումը դադարեցվում է:

Քննության արդյունքները տպագրվում են համակարգչի միջոցով՝ ճիշտ ու սխալ պատասխանների մասին նշումներով և տրվում քննությունը հանձնողին:

Քննությունը համարվում է դրական հանձնած, եթե քննություն հանձնողը հարցերի առնվազն 90 տոկոսին տվել է ճիշտ պատասխաններ:

Քննության արդյունքների վերաբերյալ կատարվում են գրառումներ քննությունների արդյունքների հաշվառման մատյանում ու հաստատվում հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրությամբ:

Քննության ընթացքը ցուցադրվում է սպասասրահում տեղադրված էկրանին:

Տեսական քննության ավարտից հետո, եթե արդյունքը եղել է դրական, ապա անձին տրվում է տեսական քննության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթ: Եթե քննության արդյունքը եղել է բացասական, ապա անձին վերադարձվում են  փաստաթղթերը:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել