Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հետևանք է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ: