Վաղվանից օրինական ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2–ի N 580-Ն որոշումը, որով սահմանված է.
«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը.
2) եթե կամավորականը զոհվել (մահացել) է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու, կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ, ապա զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած զինծառայողի ընտանիքի անդամի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) եթե կամավորականը մահացել է, անհայտ կորել է կամ մահվան պատճառ հանդիսացած կամ հաշմանդամություն առաջացրած վնասվածքը կամ խեղումն ստացել է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա մահացած կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված` զոհված (մահացած), անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամի, հաշմանդամ ճանաչված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող` զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ ճանաչված զինծառայողի համար սահմանված կարգով:
2. Զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամավորականի ընտանիքի անդամին, հաշմանդամ ճանաչված կամավորականին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշմամբ սահմանված տեղեկանքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ տեղեկանքը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը:
3. Կամավորականի` սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպում և համապատասխան որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 46-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վնասվածքի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ փորձաքննությունը կազմակերպվում է կամավորականի ստացած վնասվածքը կամ խեղումը հավաստող ստացիոնար բուժման կամ հետազոտման էպիկրիզի և վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների վերաբերյալ զորամիավորման (զորամասի) հրամանատարի տված տեղեկանքի առկայության դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տված միջնորդագրի հիման վրա:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված դեպքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կամավորականի ստացած վնասվածքի կամ խեղման պատճառական կապը սահմանելիս ընդունում է հետևյալ որոշումները`
1) վնասվածքը կամ խեղումն ստացել է համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված կամավորականի համար.
2) վնասվածքը կամ խեղումն ստացել է զինվորական ծառայության ընթացքում` սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված կամավորականի համար:
5. Կամավորականի բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ զինծառայողի համար սահմանված կարգով:
6. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված` վնասվածք կամ խեղում ստացած և հետագայում մահացած կամավորականի մահվան պատճառական կապը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1456-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տված միջնորդագրի հիման վրա: Ընդ որում, այս դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության մարմինը սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված հանգամանքների հետ մահվան պատճառական կապ է սահմանում, եթե մահվան պատճառ են հանդիսացել սույն որոշման 1-ին կետում նշված վնասվածքը կամ խեղումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: